Համարժե՞ք է հակակոռուպցիոն հռետորաբանությունը իրական պայքարին, ի՞նչ իրավիճակ ունենք, ի՞նչ է փոխելու վերջերս ընդունված և ուժի մեջ մտած ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագիրը: «Այդ փաստաթղթով կառավարությունը ստանձնում է ինստիտուցիոնալ, մասնագիտացված, մշտական գործող համակարգ ստեղծելու հանձնառություն: Սա այս փաստաթղթի և նախորդների գլխավոր տարբերությունն է», - Հայաստանի հանրային ռադիոյի «Ռադիոլուրի հյուրասրահում» ասել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

Փաստաթղթով նախատեսվում է 2 նոր մարմնի ձևավորում. կոռուպցիայի կանխարգելման համար գործելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը փոխարինելու է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին և ունենալու է ավելի լայն լիազորություններ:

Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար ստեղծվելու է նոր իրավապահ մարմին` Հակակոռուպցիոն կոմիտեն, որին փոխանցվելու են Հատուկ քննչական ծառայության, Քննչական կոմիտեի, Ոստիկանության և Պետեկամուտների կոմիտեի` կոռուպցիայի դեմ պայքարի գործառույթները:

Հոկտանյանը հույս ունի, որ նոր ռազմավարությամբ կոռուպցիայի դեմ պայքարն առավել համակարգված բնույթ կստանա: Մինչ այժմ վարվող պայքարն, ըստ նրա, իրավիճակային է, սահմանափակվում է առանձին դեպքերով ու իրավիճակներով:

Սկզբնաղբյուրը` Հայաստանի հանրային ռադիոյի կայք