Ապրիլի 9-ին Երևանի ավտոմաքսատուն այցելության ընթացքում վարչապետ Փաշինյանը հրահանգել էր աշխատանքից ազատել մաքսային ծառայող Հայկ Մարտիրոսյանին՝ ՀՀ պետական դրոշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու պատճառով: Վարչապետը Ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է, թե ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հրահանգել է Մարտիրոսյանին կրկին ծառայության ընդունել ՊԵԿ համակարգում, բնականաբար՝ համաձայնությամբ:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում, անդրադառնալով վերոնշյալին, ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշել է. «Հայկ Մարտիրոսյանի անմիջական ղեկավարները վարչապետին որևէ բան չասացին և հետո ծառայողական քննություն չնշանակեցին: Այստեղ այդ ծառայամտությունն է ավելի վտանգավոր, որ նա ասաց՝ և վերջ, պետք է արվի։ Ինչպես նախկինում էր՝ ՀՀԿ-ականների ժամանակ, հիմա էլ նույն վիճակն է՝ ոչ թե օրենքն է օրենք, այլ ասածն է օրենք»,- ասել է Հոկտանյանը, շարունակելով. « Ինչպես մարդկանց ազատումը աշխատանքից պետք է լինի օրենքով, այնպես էլ՝ աշխատանքի ընդունումը։ Նույն նախարարների աշխատավարձերի պատմությունն էլ ցույց տվեց, որ վարչապետի ենթակաները առաջնորդվում են ոչ թե օրենքով, այլ վերևի ցուցումներով ու դա չի ընկալվում որպես սխալ գործելակերպ։ Սա ես ավելի լուրջ խնդիր եմ համարում։ Ասողը ինքն է, բայց այդ քայլերին դիմողը, այդ ամենը իրականացնողը ինքը չէ»։

Սկզբնաղբյուրը` «Փաստինֆո»