Հոկտեմբերի 29-ին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպել է ուղիղ երկխոսություն հանքարդյունաբերության ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի միջև՝ բարձրացնելու ոլորտի թափանցիկությունը և հաշվետվողականությունը: Հանդիպման ընթացքում ազդակիր բնակավայրերի բնակիչները ներկայացրել են իրենց հարցադրումները:

I. Մետաղական հանքարդյունաբերություն ունեցող համայնքների խոշորացման հետևանքով «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի կիրառում: Ազդակիր համայնքների խոշորացման հետևանքով բնապահպանական և առողջապահական ծրագրերի շահառու բնակավայրի ընտրությանն առնչվող խնդիրներ:

II. Հանքարդյունաբերական ընկերությունների կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում հատկացրած գումարներով իրականացված ծրագրերի համապատասխանությունը համայնքային կարիքներին:

Որոշվել է քննարկման արդյունքում բարձրաձայնված խնդիրները և ձևավորված առաջարկությունները ներկայացնել ԱՃԹՆ ԲՇԽ-ին հետագա աշխատանքի համար:

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել «ԷկոԼուր»-ի նկարահանած «Ում է պատկանում մեր ընդերքի հարստությունը» ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմի նպատակն է լսելի դարձնել Քաջարան, Կապան, Մեղրի, Ախթալա, Շնող, Գեղամասար, Արարատ, հանքարդյունաբերական համայնքների բնակիչների բարձրաձայնած խնդիրները, որոնց լուծմանը կարող է նպաստել Հայաստանում ԱՃԹՆ գործընթացը:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն իրականացնում է «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` ԱՃԹՆ գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագիրը ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սկզբնաղբյուրը` «ԷկոԼուր»-ի կայքէջ