Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը Factor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով բյուջե 2020-ի ներկայացման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «տնտեսական հեղափոխությունը թափ է հավաքում», ասել է, որ տնտեսական հեղափոխության էֆեկտն արտահայտվում է կենսամակարդակի աճով։ Հետրաբար, այն պետական պաշտոնյաները, որոնց աշխատավարձը բարձրացվում է, կզգան այդ բարելավումը, իսկ ում աշխատավարձը չի բարձրանում, արդարացիորեն հարց կտան, թե ինչով է արտահայտվել տնտեսական հեղափոխությունը:

Հոկտանյանը չի կարծում, որ կոռուպցիայի դեմ ավելի հզոր պայքարը, որը նախատեսված է այս ռազմավարությամբ, արմատական փոփոխություններ կբերի հարկային ու մաքսային եկամուտներում, եթե տնտեսական մոդելը և քաղաքականությունը չփոխվեն։ «Նախ պետք են արմատական տնտեսական բարեփոխումներ` տնտեսական հեղափոխություն: Այդ տնտեսական հեղափոխությունը կբերի հարկային բազայի ընդլայնմանը։ Երկրորդ՝ կնպաստի միջին խավի ավելի հզորացմանը։ Իսկ դա աքսիոմա է. որտեղ հզոր միջին խավ կա, այնտեղ կոռուպցիայի մակարդակը ցածր է»,- նշել է փորձագետը։

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում կոռուպցիայի դեմ պայքարը և արդո՞ք դրանով հիմքեր դրվել են ներդրումներ ապահովելու համար, Հոկտանյանը պատասխանեց. «Հիմքեր չունեմ ասելու, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա կա, նույնիսկ հիմնադրամների հետ կապված խնդիրը ինձ չի ստիպում դա ասել»։ Նրա խոսքով՝ ներդրումների նվազման վրա կարող է ազդել Ամուլսարի անորոշ վիճակը, «Սանիթեք»-ի պատմությունը, թե որքանով են պաշտպանված ներդրողների շահերը։ «Այլ հարց, որ ժամանակին, թերևս, պետք չէր, որ այդ ընկերությունները գային Հայաստան»,- հավելեց Վարուժան Հոկտանյանը:

Սկզբնաղբյուրը` factor.am