Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակառուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն «Ա1+»-ի հետ զրույցում նշել է, որ ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման հիմնական մեխանիզմը իրավաբանական անձանց պետական ռեգիստրին կից տվյալների բազայի ստեղծումն է: Այդ բազայում պետք է ներառվեն բազմաթիվ տվյալներ ինչպես իրական սեփականատերերի, այնպես էլ փոխկապակցված անձանց, քաղաքական ազդեցություն ունեցող անձանց, միջանկյալ ընկերությունների մասին, որը թույլ կտա շղթայով հասնել մինչև վերջին մակարդակի ֆիզիկական անձանց, որոնք փաստացի գտնվում են ընկերությունների ետևում: Այսինքն` իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը միտված է անանուն ընկերությունների բացահայտմանը, որոնց մեծ մասը օֆշորներում գրանցված ընկերություններ են: Դրանց ետևում հաճախ թաքնվում են թրաֆիքինգի պատասխանատուներ, թմրամիջոցների առևտրով զբաղվողներ, տեռորիստական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այդ ցանցերի միջոցով լվացվում են ապօրինի ճանապարհով ձեռք բերված գումարները, և ապօրինի հարստությունը ներդրվում է անշարժ գույք գնելու կամ այլ նպատակներով:

Հասկանալով այս ամբողջ սխեմայի գլոբալ հետևանքները, ներկայում լուրջ գործընթացներ են ընթանում աշխարհի մակարդակով, որոնցով փորձ է արվում թափանցիկություն ապահովել և թափանցիկություն միջոցով բարդացնել այդ ապօրինի, հանցագործ ընկերությունների և անհատների գործունեությունը:

Սոնա Այվազյանը նշել է՝ այս հարցով օրենսդրական կարգավորումները և աշխատանքային խմբի գործունեությունը սկսվել է դեռևս նախորդ իշխանությունների օրոք, իսկ այժմ արդեն ավարտին է հասցվում։ Ըստ հակակոռուպցիոն փորձագետի՝ գործող իշխանությունները քաղաքական կամք ունեն այս հարցում։

Սկզբնաղբյուրը` «Ա1+»