Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը Factor-ի հետ զրույցում նշում է, որ հեղափոխական կառավարությունը առաջնորդվում է նախկինների գործելաոճով: «Դա միանշանակ արատավոր պրակտիկա է։ Ավելի է խորացնում այդ մշակույթը, որ մենք կարող ենք այսպես անել, և դրա համար մենք իշխանությունից չենք զրկվի։ Բերվում է այն հանգամանքը, որ դժվար թե ժողովուրդը քվեարկի նախկինների օգտին, երրորդ ուժ չկա և դրանից ելնելով՝ այն համոզմունքն է, որ ինչ անեն միևնույնն է, չի ազդի իրենց իշխանության մնալու վրա»,- ասում է Հոկտանյանը։

Չբացատրված, երբեմն՝ անհասկանալի պաշտոնանկությունները Վարուժան Հոկտանյանը կապում է քաղաքական շահի հետ՝ ազատվել կադրերից, որոնք գուցե հլուհնազանդ չկատարեն իշխանության հրամանները։ Իսկ թե ինչո՞ւ է որոշ հարցերում իշխանությունը նախընտրում ծածուկ գործելը, Վարուժան Հոկտանյանն ասում է․ «Ես, երևի, կկապեի հենց անձնական շահի հետ, իսկ այնտեղ, որտեղ անձնական շահը հայտնվում է պաշտոնյաների մտահորիզոնում, այդտեղ արդեն կոռուպցիոն հարցերի ռիսկեր են առաջանում։ Կոռուպցիան անձնական շահերից ելնելով պաշտոնեական դիրքի չարաշահումն է։ Աշխատավարձերի բարձրացումը լրացուցիչ կոռուպցիոն ռիսկ չեմ համարում»։

Սկզբնազբյուրը` Factor.am