Հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Կառավարությունը հաստատել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագիրը:

Հակակոռուպցիոն ռազմավարությունն ուղղված է լինելու պայքարն առավել նպատակային իրականացնելու համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ հենքերի ստեղծմանը և զարգացմանը, հանրային ծառայողի օրինավոր և բարեխիղճ կերպարի ձևավորմանը, ոլորտային օրենսդրական դաշտի կարգավորումներում երկակի մոտեցումներ կիրառելու հնարավորությունների հնարավորինս նվազեցմանը, կոռուպցիոն գործերի բացահայտման արդյունավետության բարձրացմանը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն առնչվող գործուն կառուցակարգերի ներդրմանը: Ռազմավարության ընդունմամբ ակնկալվում է ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ կառուցակարգեր: Ինչպես նշել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Հայաստանի նոր հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում նախատեսվում է ստեղծել հակակոռուպցիոն մարմնի տարանջատված մոդել՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Հակակոռուպցիոն կոմիտեի տեսքով։

«Ամբողջությամբ վերանայվում է իրավապահ համակարգը՝ հետագայում այն առավել մասնագիտացված, արժանիքահեն ու արդյունավետ դարձնելու միտումով։ Մասնավորապես, նախատեսվում է, որ 2021 թվականին ստեղծվելու է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության իրավասության միասնական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե անվանմամբ։ Նախագծով նախատեսվում է, որ մի շարք քննչական վարչություններ միավորվելու են, և 2021 թվականի դրությամբ ունենալու ենք երեք քննչական մարմին՝ Քննչական կոմիտե, Հատուկ քննչական ծառայություն, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն կլինի հիմնական մասնագիտացված մարմինը, որը քննելու է կոռուպցիոն բնույթի հանցագործությունները»,- ասել է նախարարը:

Ռուստամ Բադասյանը նշել է նաև, որ սահմանվել է երեք տարվա անցումային շրջան, որի ընթացքում Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ հատվածը շարունակելու է զբաղվել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտմամբ, իսկ Հատուկ քննչական ծառայությունը կամ Քննչական կոմիտեն առանձին դեպքերում կարող են քննել կոռուպցիոն բնույթի հանցագործությունները՝ մինչև Հակակոռուպցիոն կոմիտեի վերջնական կայացումը։ «Այստեղ ուզում եմ շեշտել, որ հաստիքների փոխանցման գործընթացը, մասնավորապես, Հակակառուպցիոն կոմիտեի մասով, մեխանիկական բնույթ չի կրելու: Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները նախ անցնելու են ստուգման գործընթաց՝ բարեվարքության և այլ շրջանակներում, ինչպես նաև քննչական կոմիտեների աշխատակիցներին տրամադրվելու են սոցիալական լուրջ երաշխիքներ»,-ասել է նախարարը:

Նախատեսվում է նաև Գլխավոր դատախազության կազմում ստեղծել ստորաբաժանում՝ հակոկոռուպցիոն գործերով քննությունների նկատմամբ վերահսկողության նպատակով։ Նախարարի խոսքով՝ կարևորվում է նաև մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը։ Ըստ նրա՝ նախատեսվում է ամբողջությամբ բարեփոխել նաև հայտարարագրման համակարգը։

Սկզբնաղբյուրը` ՀՀ կառավարության կայքէջ