Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ` ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենք, առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը» թեմայով: Լսումներին մասնակցել են պատգամավորներ, քաղաքական գործիչներ, հասարակական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, շահագրգիռ անձինք: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնից լսումներին մասնակցել են ծրագրի ղեկավար Ալեքսեյ Պետրոսյանը, փորձագետ Խաչիկ Հարությունյանը և ծրագրի օգնական Սարգիս Ղոնյանը:

Ալեքսեյ Պետրոսյանը հանդես է եկել ելույթով, որը ներկայացվում է ստորև:

Նախընտրական քարոզչության ֆինանսավորման կարգավորումների բացերը

Կուսակցությունների նախընտրական քարոզչության ֆինանսավորումը բավականին ոչ թափանցիկ և անվերահսկելի է` պայմանավորված ինչպես օրենքի բացերով, այնպես էլ՝ կուսակցությունների ոչ հաշվետու գործունեությամբ և վերահսկողության ու պատասխանատվության արդյունավետ ինստիտուտների բացակայությամբ։

ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն, ընտրություններին մասնակցելու գրանցման համար կուսակցությունները (դաշինքները) ԿԸՀ են ներկայացնում գույքի և եկամուտների մասին հայտարարագիր: 2018 թ․ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների մեծ մասի հայտարարագրերի տեղեկատվությունը ամբողջական չէ. որպես կանոն, չեն հայտարարագրվել նվիրատուների անունները: Հարկ է նշել, որ ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում որևէ հետևանք դրանց անբարեխիղճ լրացման համար:

ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները (դաշինքները) նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման նպատակով պետք է բացեն նախընտրական հիմնադրամ: Օրենգիրքը սահմանում է հիմնական ծախսերի ցանկը, որը, սակայն, ամբողջական չէ։ Ցանկից դուրս մնացած ծախսերը, փաստորեն, կարող են ֆինանսավորվել ինչպես նախընտրական հիմնադրամի միջոցներից, այնպես էլ՝ հիմնադրամից դուրս:

Օրինակ, ընտրական շտաբները կարևոր և ծախսատար ինստիտուտներ են, և դրանց տարածքների վարձակալության և աշխատողների վարձատրության ծախսերը կարող են հասնել մեծ ծավալների։ Մասնավորապես, 2018 թ․ ԱԺ արտահերթ ընտրություններին «Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրել է կուսակցությունների (դաշինքների) և թեկնածուների շուրջ 600 շտաբներ Հայաստանի ողջ տարածքում, որոնցում, ընդհանուր առմամբ, ներգրավված են եղել շուրջ 1,400 աշխատողներ։

Վերահսկողությունից դուրս են առհասարակ տարածքների վարձակալությունը, միջոցառումների (օրինակ՝ բացօթյա կամ դահլիճային համերգներ) ծախսերը, սոցիալական ցանցերում տեղադրվող գովազդը, տրանսպորտի, կոմունալ ծառայությունների, ներկայացուցչական և այլ հարակից ծախսերը։

2018 թ․ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները (դաշինքները), որոնք ակտիվ քարոզչություն են իրականացրել նաև սոցիալական ցանցերում, օգտվել են նաև ցանցերի վճարովի գովազդի ծառայությունից։ Այս ծախսերը, սակայն, հայտարարագրերում չեն ներառվել:

Հարկ է նկատել, որ 2018 թ․ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակից կուսակցությունների (դաշինքների) հիմնադրամների հայտարարագրերում միայն երկուսն են ներառել հիմնադրամի միջոցներից կատարված և հայտարարագրման ոչ ենթակա ծախսերը։

Ընտրական օրենսգիրքը չի կարգավորում նաև նախընտրական քարոզչության երրորդ կողմի ֆինանսավորումը: Այսինքն, ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ կարող է առանց հիմնադրամ գումար մուծելու և կուսակցության (դաշինքի) ու թեկնածուի հետ ուղղակիորեն ասոցացվելու, ֆինանսավորել նրա քարոզարշավը, ինչը մասնավորապես դիտարկվել է 2017 թ․ ԱԺ ընտրությունների ընթացքում:

Երրորդ կողմի ֆինանսավորում կարելի է համարել նաև այն լրատվամիջոցների կողմից իրականացվող քարոզչությունը, որոնց իրական սեփականատերերը կուսակցությունների և/կամ թեկնածուների հետ կապակցված անձինք են, կամ այդ լրատվամիջոցներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ֆինանսավորվում են կուսակցությունների և թեկնածուների կողմից։ Չնայած օրենքով նախատեսված է վերգետնյա հեռուստառադիոընկերությունների եկամուտների աղբյուրների թափանցիկության ապահովում, այն լիարժեքորեն չի իրականացվում և օրենքով սահմանված պատասխանատվության միջոցները չեն կիրառվում։

Կուսակցությունները (դաշինքները) հայտարարագրերում հիմնականում չեն լրացնում հիմնադրամի միջոցներից կատարված և հայտարարագրման ոչ ենթակա ծախսերի ընդհանուր չափը: Օրենքով սահմանված չէ նվիրատուների անունները հայտարարագրելու պահանջ: Հայտարարագրերում հստակ սահմանված չէ ձեռք բերված ապրանքների և ծառայությունների դասակարգումը:

Թեկնածուները, կուսակցություններն իրենց նախընտրական հիմնադրամների հայտարարագիրը ներկայացնում են ԿԸՀ ՎՎԾ` կից ներկայացնելով նաև կատարված վճարումները հավաստող փաստաթղթերը:

2018 թ․ ԱԺ ընտրությունների ընթացքում նախընտրական հիմնադրամների հայտարարագրերը հիմնականում լրացված են եղել ըստ սահմանված կարգի, սակայն հստակ չէ ձեռք բերված ապրանքների և ծառայությունների դասակարգումը։ Օրինակ՝ կուսակցություններից շատերն ունեն «քաղաքական գովազդի» կամ «գովազդային ծառայության» համար կատարված վճարումներ, և դժվար է հստակորեն պարզելը, թե Ընտրական օրենսգրքով սահմանված՝ համապատասխան ծառայություններից հատկապես ո՞ր մեկին է պատկանում այն՝ վճարովի եթերաժամանակի՞ն, թե՞ տպագրական նյութերին։ Նույն տրամաբանությամբ, որոշ կուսակցություններ հայտարարագրերի ծառայության և ապրանքի բաժնում նշել են միայն ծառայություն մատուցող կազմակերպությունների/անհատ ձեռներեցների անուններ, և ոչ միշտ է հնարավոր հասկանալ, թե հատկապես ինչ ծառայության մասին է խոսքը։

Հայտարարագրերում հիմնականում չեն լրացվում հիմնադրամի միջոցներից կատարված և հայտարարագրման ոչ ենթակա ծախսերի ընդհանուր չափը: Չեն հայտարարագրվում նվիրատուների անունները, ինչը պայմանավորված է օրենքի անկատարությամբ:

Վերոնշյալ բացերը ստեղծում են խոչընդոտներ նախընտրական հիմնադրամի մուտքերի և ծախսերի նկատմամբ հանրային վերահսկողության տեսանկյունից:

Նախընտրական քարոզչության ֆինանսավորման և ծախսերի օրինավորության նկատմամբ պատշաճ վերահսկողություն չի իրականացվում, իսկ օրենքով նախատեսված պատասխանատվությունը համարժեք չէ։

Նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, ծախսերի և դրանց հաշվարկման, ինչպես նաև կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՎՎԾ-ն, որն ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի գործում է ընտրական հանձնաժողովներից անկախ (թեև համարվում է ԿԸՀ կառույցի մաս) և հաշվետու չէ նրանց:

ՎՎԾ-ի լիազորությունների շրջանակը հիմնականում սահմանափակվում է աուդիտորական գործունեության շրջանակում, այն է՝ հայտարարագրերում նշված ծախսերի և դրանց պայմանագրային հիմքերի համեմատություն, ինչպես նաև՝ ընտրական օրենսգրքի պահանջներին հիմնադրամների մուտքերի և ելքերի համապատասխանության ստուգում։ Այսպես, նեղ, զուտ տեխնիկական վերահսկողությունից դուրս են մնում ընտրությունների ֆինանսավորման հետ կապված խնդիրները, քաղաքականություն-բիզնես կապերը, շահերի բախումը, ֆինանսների թափանցիկության ապահովման ձախողումը, սխալ տեղեկատվությունը և այլն։

Այսպես, օրինակ, ըստ «Հետքի» հետաքննության, 2018 թ․ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական հիմնադրամներ նվիրատվություններ կատարած որոշ թեկնածուներ նվիրաբերել են ավելի շատ գումար, քան ունեն ըստ իրենց հայտարարագրերի, ինչը հարցականի տակ է դնում դրանց օրինականությունը: Ըստ մեկ այլ հրապարակման, որոշ թեկնածուներ չեն հայտարարագրել իրենց բիզնեսները: Այս անհամապատասխանությունները որևէ կերպ չեն արձանագրվել ՎՎԾ-ի ամփոփիչ եզրակացություն-զեկույցում:

Վերոնշյալ խնդիրների լուծման մասով առաջարկում ենք՝

  1. Կուսակցության կամ դաշինքի կողմից ներկայացվող հայտարարագրերում պատշաճ արտացոլել տրամադրվող նվիրատվությունների գումարը և նվիրատուների անունները:
  2. Կուսակցության կամ դաշինքի ծախսերի հայտարարագրում ներառել բոլոր ծախսերը, այդ թվում՝ ընտրական շտաբների վարձակալություն, աշխատողների վարձատրություն, միջոցառումների կազմակերպում, փոխադրամիջոցներ, սոցիալական ցանցերում իրականացվող գովազդ, նույնիսկ եթե դրանք քաղաքական ուժերին տրամադրվել են անվճար:
  3. Հիմնադրամների գործարքները դարձնել բացառապես անկանխիկ։
  4. Ձեռնարկել միջոցներ` ապահովելու ԶԼՄ իրական սեփականատերերի և ֆինանսավորման աղբյուրների հրապարակայնությունը և պատշաճ վերահսկողությունը։
  5. Կուսակցությունների/դաշինքների հետ կապված 3-րդ անձանց, օրինակ բարեգործական կառույցների, ԶԼՄ-երի, հասարակական կազմակերպությունների կողմից ֆինանսավորման համար նախատեսել հաշվետվության ներկայացում և պատասխանատվություն:
  6. Վերանայել օրենքի խախտումների համար պատասխանատվության շրջանակը և խստացնել պատժամիջոցները:
  7. Վերանայել ՎՎԾ-ի կարգավիճակը՝ դիտարկելով կուսակցությունների վերահսկողությունը Կոռուպցիայի կանխարգելման մարմնին վերապահելու հնարավորությունը՝ օժտելով վերջինիս ահնրաժեշտ գործիքակազմով՝ ապահովելու կուսակցությունների նախընտրական ժամանակահատվածում ֆինանսավորման անկախ, լիարժեք և բովանդակային վերահսկողությունը:
  8. Կուսակցությունների գործունեությանն առնչվող հրապարակման ենթակա բոլոր փաստաթղթերը հրապարակելիս դրանք բերել բաց աղբյուրի (open source data) տեսքի՝ հասանելի դարձնելով շահագրգիռ կողմերի ինքնուրույն վերահսկողության և վերլուծության համար:
  9. Քայլ առ քայլ անցում կատարել քաղաքացիների համընդհանուր հայտարարագրման համակարգին՝ որպես անցումային քայլ սահմանելով գույքի և եկամուտների պարտադիր հայտարարագրման պահանջ այն քաղաքացիների համար, որոնք կատարել են օրինակ՝ 500,000 ՀՀ դրամից ավելի գումարի նվիրատվություն: