Հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որի ընթացքում Կառավարությունը հաստատել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագիրը: Այդ կապակցությամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է, որ իր համար ավելի կարևոր է, որ դա կյանքի կոչվի։

«Քաղաքական կամք կա և կարևոր է, որ այն մինչև վերջ շարունակի մնալ։ Հաջորդը ռեսուրսների խնդիրն է։ Ներկայումս ավելի քան 16 միլիարդ դրամ պետք է հատկացվի ռազմավարության իրականացման համար, որից 5 միլիարդ՝ տարեկան։ Եթե միջոցները իսկապես ճիշտ են հաշվարկված և իսկապես ամեն ինչ իրականացվի, արդյունք կունենանք»,- ասել է Հոկտանյանը։

Նրա խոսքերով՝ մինչև ամբողջությամբ ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը կյանքի կոչվեն, ձևավորվի Հակակոռուպցիոն կոմիտեն, հակակոռուպցիոն դատարանը և մյուս մարմինները, այդ ժամանակահատվածում վակուում չի առաջանա, քանի որ ԱԺ-ում արդեն իսկ երկրորդ ընթերցմամբ ընդունվել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման մասին օրենքը։

Այն ժամանակ քաղաքական կամքի իսպառ բացակայություն կար։ Հիմա, կարծես, քաղաքական կամքը կա։ Դա առաջին, բայց ոչ բավարար պայմանն է կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Բավարար պայմանները շատ ավելի խորն են, որոնք պետք է լուծել։ Երեք ռազմավարություն ենք ունեցել, բայց երեքի կիրարկումը եղել է անբավարար։ Տեսնենք, թե չորրորդը ինչ ճակատագրի կարժանանա»,- ընդգծել է Հոկտանյանը։

Մանրամասները` 1in.am-ում