Սեպտեմբերի 30-ին մի խումբ իրավապաշտպաններ և քաղաքական գործիչներ իրենց աջակցությունն են հայտնել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գրասենյակի աշխատակիցներին, որոնք տևական ժամանակ է՝ ճնշումների են ենթարկվում «ՎԵՏՕ» նախաձեռնության ներկայացուցիչների կողմից: factor.am-ի հետ զրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը նախաձեռնության կողմից իրականացվող քայլերն անընդունելի է համարում:

«Պետական կառույցները պետք է միջոցներ ձեռնարկեն՝ դրանք արգելելու համար, որովհետև դրանով սահմանադրական իրավունքներ են խախտվում: Կարծում ենք, որ բավարար հիմքեր կան, որ ոստիկանությունն արգելի «ՎԵՏՕ» կոչվող խմբակի՝ այստեղ կատարվող գործողությունները: Մարդկանց մասնավոր կյանքի իրավունքն է խախտվում, նրանք չեն կաողանում ազատ տեղաշարժվել, չեն կարողանում իրենց առաքելությունը կատարել: Բոլոր հիմքերը կան, որ այդ հավաք կոչվածը թույլ չտրվի ոստիկանության կողմից»,- ասել է իրավապաշտպանը:

Սոնա Այվազյանի խոսքով՝ տարածքում ոստիկանների գտնվելը բավարար չէ, քանի որ «ՎԵՏՕ»-ի ներկայացուցիչները վտանգավոր սահմանների են հասնում:

«Վտանգվում է ոչ միայն հիմնադրամում աշխատողների անվտանգությունը, այլ նաև գրասենյակ մուտք ու ելք անողներինը: Մի քանի օր առաջ մի խումբ ուսուցիչների արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ են հնչել, հետո հետամուտ են եղել, թե այդ ուսուցիչները որտեղ են աշխատում և որոշ գործողություններ են իրականացվել իրենց գործընկերների կողմից: Ես կարծում եմ, որ ոստիկանությունը պետք է ավելի ակտիվ քայլեր ձեռնարկի»:

Սկզբնաղբյուրը` factor.am