Սեպտեմբերի 14 -15-ը Աղվերանում տեղի է ունեցել Հայաստանի հետազոտական կենտրոնների համաժողով, որին մասնակցել է ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը: Նա ներկայացրել է վերլուծական կենտրոնների հիմնական մարտահրավերները և առաջարկել է ստեղծել «պետություն-վերլուծական կենտրոններ-դոնորներ» կանոնավոր գործող հարթակ` հետագայում դրանում ներգրավելով նաև ՀԿ-երին, ակադեմիական հաստատություններին և մասնավոր սեկտորին:

Ըստ Վարուժան Հոկտանյանի` որոշում կայացնողների համար, ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս` հեղափոխությունից հետո, տարբեր պատճառներից ելնելով, ձեռնտու չէ լսել վերլուծական կենտրոններին կամ ՀԿ-ներին: Հիմնական պատճառն այն է, որ առայժմ երկրում արմատավորված չէ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու պրակտիկան և իշխող քաղաքական ուժին թվում է, թե ինքն իր իշխանությունը կկարողանա պահել (իսկ դա իշխանության եկած ցանկացած քաղաքական ուժի նպատակն է) ոչ գիտելիքների վրա հիմնված քաղաքական (policy) որոշումների շնորհիվ:

«Մյուս կարևոր պատճառը աշխարհում, նաև Հայաստանում, լայն տարածում գտած պոպուլիզմն է: Վերլուծական կենտրոնների պրոդուկտը, որպես կանոն, չի գնահատվում և չի օգտագործվում նաև կուսակցությունների և ՀԿ-երի կողմից: Վերլուծական կենտրոնների կողմից չկա դոնորների հետ կանոնավոր կերպով աշխատելու պրակտիկա», - նշել է Հոկտանյանը:

Միջոցառումը կազմակերպել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի աջակցությամբ ՀԿ ԴեՊո ծրագրի շրջանակներում: Համաժողովի հիմնական նպատակը հետազոտական կազմակերպությունների կարողությունների զարգացումն ու հզորացումն է՝ հանրային քաղաքականությանն ուղղված կիրառական հետազոտական ծառայությունների շուկայի, ֆոնդհայթայթման միտումների, կազմակերպչական և զարգացման կարիքները քննարկելու միջոցով։