Սեպտեմբերի 10-ին մեկնարկել է Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության նախագծի հանրային քննարկումների շարքը:

Կլոր-սեղան քննարկումը տեղի է ունեցել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակում՝ համագործակցելով ՀՀ արդարադատության նախարարության հետ: Միջոցառման նպատակն էր քննարկել ռազմավարության նախագիծը, ինչպես նաև խթանել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների և արդարադատության ոլորտում քաղաքականություն մշակողների միջև երկխոսությունը:

Քննարկմանը մասնակցել է ԹԻՀԿ իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը: Նա ներկայացրել է իր առաջարկ-հարցադրումները քննարկվող հարցերի կապակցությամբ: ԹԻՀԿ փորձագետը առաջարկել է հստակեցնել սահմանադրական փոփոխությունների մասը ՝ նախատեսելով սկզբունքները, որոնք կկանխորոշեն պետական կառավարման համակարգի փոփոխություններն ու հայեցակարգերը, փաստաբանական գործունեության ոլորտում կատարել փոփոխություններ՝ նախատեսելով փաստաբանական գործունեության կազմակերպման և իրականացման առավել ազատական սկզբունքներ, փորձաքննությունների բնագավառում խուսափել փորձագիտական կազմակերպությունների արհեստական միավորումներից և ոլորտի բարեփոխման վերաբերյալ մշակել իրական ռազմավարություն՝ որպես հիմք ընդունելով փորձաքննությունների որակի բարելավումը՝ մրցակցության սկզբունքի կիրառմամբ։

Սկզբնաղբյուրը` ՀՀ արդարադատության նախարարության կայքէջ