Սեպտեմբերի 9-ին Արցախում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ընթացքում ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը և «Քաղաքացիական հաբ»-ի անդամ և Արցախում «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Լուսինե Համբարձումյանը ներկայացրել են Արցախի Հանրապետությունում 2019 թ․ սեպտեմբերի 8-ին կայացած ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրվա դիտարկման նախնական գնահատականը։

Սոնա Այվազյան. «Մենք բավականին դրական ենք գնահատում քվեարկության օրվա գործընթացը: Մեր կարծիքով Արցախում ՏԻՄ ընտրություններն ընթացել են խաղաղ, հանգիստ մթնոլորտում: Եղել են առանձին խախտումներ, որ կրել են դրվագային բնույթ: Առավել հաճախ հանդիպող խախտումները այդքան լուրջ չեն եղել և, ըստ էության, միտումնավոր բնույթ չեն կրել»: Նա զուգահեռներ է տարել հայաստանյան իրականության հետ, համեմատելով վերջին տարիների ընտրությունների հետ:

«Մեր փորձը ցույց տվեց, որ դիտորդները էական բան էին փոխում`կարողանում էին վեր հանել խնդիրները և տեղում որոշ լուծումներ տալ և որոշ շտկումներ անել` նաև համագործակցելով տեղի մարմինների հետ»: Սոնա Այվազյանը նշել է նաև, որ վեր են հանվել որոշ օրենսդրական բացեր: Պետք է առաջարկություններ ներկայացվեն օրենսդրական փոփոխությունների համար:

Ըստ Այվազյանի` ժողովրդավարության կայացումը Արցախի խնդրի լուծման բանալին է, իսկ ժողովրդավարության համար կարևորագույն գործոն է քաղաքացիական հասարակության գոյությունը և արդյունավետ գործունեությունը: Նա ասել է. «Աշխատելու են Արցախում քաղաքացիական հասարակությունը զարգացնելու ուղղությամբ»,- հավելելով. «Հուսով ենք, որ Հայաստանի կառավարությունը կաջակցի Արցախում քաղաքացիական հասակության կայացմանը»:

Ասուլիսի լուսաբանումը տես
Հետք
artsakhpress.am
Shantnews