Սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել «Հետհեղափոխական Հայաստան. արդարադատության համակարգի վերափոխման խնդիրները» խորագրով հանրային քննարկում, որի բանախոսներից էր նաև ԹԻՀԿ իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը: Նա «Հակակոռուպցիոն օրակարգի առաջնահերթությունները և արդարադատության համակարգի փոփոխությունները» թեմայով բանախոսությունում անդրադարձել է հակակոռուպցիոն քաղաքականության և դատաիրավական բնագավառներում վերջին շրջանում քննարկվող փաստաթղթերին և այդ համատեքստում նաև ՀՀ հակակոռուպցիոն օրակարգում ընդգրկված հարցերի կարևորությանը: Հայկ Մարտիրոսյանի կարծիքով` այս տեսանկյունից պետք է հիմնական մի քանի ուղենիշներ ամրագրել:

  1. Պետության կողմից իրականացվող հակակոռուպցիոն պայքարի գործողությունները և միջոցառումները պետք է լինեն թափանցիկ, հաշվետվողական, ինչպես օրինակ` ակտիվների վերադարձի ինստիտուտի դեպքում:
  2. Հակակոռուպցիոն պայքարում իրավակարգավորումները պետք է լինեն հստակ և կայուն, հնարավորություն չտան պաշտոնյաներին չարաշահել իրենց հայեցողական լիազորությունները, ինչպես օրինակ` ենթաօրենսդրական ակտերի դեպքում, երբ ըստ ցանկության են դրանք հրապարակվում օրենքի ուժով:
  3. Դրական պետք է գնահատել հայտարարագրման ինստիտուտի կատարելագործումը ըստ պետության կողմից ներկայացված հակակոռուպցիոն քաղաքականության և դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունների:
  4. Հակակոռուպցիոն պայքարի մարմինները պետք է լինեն հաշվետվողական, գործունեության մեջ թափանցիկ, իսկ ամբողջության մեջ` հակակշիռներով կարգավորված:

Քննարկումը կազմակերպել է «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություններ:

Տեսագրությունը` factor.am
Հայկ Մարտիրոսյանի ելույթը` 1:04:25-ից