Սեպտեմբերի 4-ին «Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել «ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ 1-ին դիտորդական առաքելությունը ԼՂ-ում․ վերահսկման նոր մշակո՞ւյթ» թեմայով քննարկում, որի բանախոսներից էր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Ալեքսեյ Պետրոսյանը: Նա անդրադարձել է ԹԻՀԿ-ի կողմից Արցախում ՏԻՄ ընտրությունների կարճաժամկետ դիտարկմանը «Ականատես» դիտորդական առաքելության շրջանակում` տեղում համագործակցելով «Քաղաքացիական հաբ» նորաստեղծ ՀԿ-ի հետ: «Ականատես»-ի հիմնական խնդիրն է դիտարկել ընտրական գործընթացի համապատասխանությունը Արցախի Հանրապետության օրենսդրությանը և միջազգայնորեն ընդունված ընտրությունների կազմակերպման լավագույն պրակտիկային` լինելով «ընտրությունների աչքերն ու ականջները»:

Ալեքսեյ Պետրոսյանի խոսքով` վերջին շրջանում ԹԻՀԿ-ը սկսել է որոշակի քայլեր իրականացրել Արցախում քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ: «ֆինանսավորման պակասի պատճառով Արցախում քաղհասարակության կառույցները բավականին թույլ մակարդակի վրա են»: Պետրոսյանը նշել է, որ դիտորդությունը կծառայի նաև որպես լավ հնարավորություն Արցախի քաղհասարակության կարողությունների զարգացման համար։

Կառավարության դրամաշնորհը հնարավոր էր որոշակի պայմաններ համաձայնեցնելու պարագայում` ապահովելով դիտորդական առաքելությունների անկախությունը և չեզոքությունը, ինչպես նաև բովանդակության, ընտրական գործընթացների դիտարկման և հնարավոր բողոքարկման դեպքում ինքնուրույն աշխատանքը` զերծ մնալով կառավարության կողմից հնարավոր միջամտությունից:

Տես Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջը