ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդաշարն անդրադարձել է «Ականատես» դիտորդական առաքելության շրջանակում ԹԻՀԿ-ի դիտորդությանը Արցախում: ԳԱԼԱ-ի հետ զրույցում ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը նշել է. «Կարևորում ենք Արցախում ժողովրդավարական ընտրությունների իրականացումը, որովհետև կարծում ենք, որ Արցախի կարգավիճակի ճանաչումը, խաղաղության հաստատումը, առհասարակ Արցախի, նաև Հայաստանի զարգացումը մեծ չափով պայմանավորված են նաև Արցախի ժողովրդավարությամբ, իսկ ժողովրդավարություն չի կարող լինել առանց քաղաքացիական հասարակության ներգրավման և մասնակցության: Հեղափոխությունից հետո Հայաստանը ժողովրդավարության տեսանկյունից մի քանի քայլ կատարեց դեպի առաջ, մեզ համար առաջնահերթ դարձավ նաև Արցախում դիտորդական առաքելության իրականացումը»:

«Մեր ցանկությունն է հենց արձանագրել ազատ և արդար ընտրությունների կայացումը և ոչ թե խախտումները, սակայն, իհարկե, մենք ինչ որ տեսնենք, այն էլ արձանագրելու ենք»,- ասել է Սոնա Այվազյանը` շարունակելով. «Դիտորդական առաքելությունները իրենք իրենց իրավունքներով և պարտականություններով արդեն իսկ սահմանափակված են և չեն կարող որևէ կերպ միջամտել գործընթացին կամ արդյունքներին: Մենք տվյալ դեպքում հանդես ենք գալու որպես արտասահմանյան կազմակերպություն»: Սոնա Այվազյանը հավելել է, ասելով, որ ի պատասխան Վիտալի Բալասանյանի այն վարկածին, որ եթե Հայաստանն ուղարկում է ինչ-որ կազմակերպություններ, որոնք որ դիտորդություն են անելու` դիտելով որպես միջամտություն, նույն կերպ միջամտություն պետք է դիտենք օրինակ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների այստեղ գալը:

«Ընդհակառակը, կարծում եմ, որ եթե նախատեսվում է իրականացնել ազատ և արդար ընտրություններ, իրենք պետք է շատ ուրախ լինեն, որ կլինեն դիտորդներ, որոնք որ կարձանագրեն այդ հաջողությունը: Դիտորդների ներկայությունն արդեն իսկ ժողովրդավարության համար կարևոր քայլ է, և դիտորդների արձանագրումը կարևոր քայլ է: Կարծում եմ Արցախում առհասարակ շատ կարևոր է ընտրությունների լեգիտիմությունը Արցախի հետագա ճակատագրի որոշման համար:», - նշել է Ս. Այվազյանը՝ Բալասանյանի հայտարարության վերաբերյալ:

Տես ԳԱԼԱ-ի հարցազրույցը