Սեպտեմբերի 3-ին AD TV-ի «Հարցազրույց» հաղորդաշարի հյուրը ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն էր: Նա անդրադարձել է ԹԻՀԿ-ի գործունեությանը, Հայաստանի կառավարության` կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերին հեղափոխությունից հետո, հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված միասնական հակակոռուպցիոն կանխարգելիչ, մասնագիտացված իրավապահ և այլ մարմինների գործառույթներին, քաղաքացիների` կոռուպցիայի դեմ պայքարին մասնակցությունը, ԹԻՀԿ-ի դիտորդությանը առաջիկա ընտրություններում, Արցախում ժողովրդավարության զարգացմանը:

Ըստ Սոնա Այվազյանի` ԹԻՀԿ-ի նպատակը Հայաստանում կառավարման որակի բարելավումն է, կառավարության արդյունավետության բարձրացումը և լավ կառավարումը, և կոռուպցիայի դեմ պայքարն ընդամենը դրա մեկ մասնիկն է: ԹԻՀԿ-ը ներկա պահին ուսումնասիրություն է իրականացնում պարզելու, թե ինչքանով է կոռուպցիայի վերաբերյալ ընկալումը փոխվել Հայաստանի քաղաքացիներ մոտ:

Սոնա Այվազյանի կարծիքով` բուրգային կոռուպցիան, որը մեզ մոտ եղել է տարիներ շարունակ, այժմ գոյություն չունի: Կոռուպցիոն դրսևորումը կաշառքի ձևով թերևս պակասել է, որովհետև պաշտոնյաները մի փոքր ավելի զգուշանում են այդ եղանակից, բայց հովանավորչությունը շարունակում է տեղ գտնել: Մարդիկ որոշակի առումով ձեռնպահ են մնում բյուջեից յուրացումներից, որովհետև առնվազն զգում են, որ կառավարությունը փորձում է արմատախիլ անել կոռուպցիան և անկեղծ է իր փորձերի մեջ: Այն պայքարը, որ հռչակվել է դեռևս 2003-ից, միշտ իմիտացիոն բնույթ է կրել: Բոլորը հասկացել են, որ կոռուպցիան մեծապես հովանավորվում է ամենաբարձր մակարդակով, որը հենց կոռուպցիայի հիմնական շահառուն է: Հիմա հավատ և վախեր կան, որ իրավապահ համակարգի գործունեությունն անկեղծ է լինելու, և այն մարդիկ, որ ներգրավված են կոռուպցիոն գործընթացներում, անպայման պատասխանատվություն են կրելու:

Սոնա Այվազյանի հետ AD TV-ի «Հարցազրույց»-ը ArmDaily կայքում