Factor.am-ի հետ զրույցում ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն անդրադարձել է կառավարության ֆինանսավորմամբ Իրազեկ քաղաքացիների միավորում և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ների կողմից արցախյան ընտրությունների դիտարկման կապակցությամբ շահարկումներին: ԹԻՀԿ-ը 10 տարի իրականացնում է դիտորդական առաքելություն` միշտ տալով անկախ գնահատականներ։ «Ֆինանսավորվելով կառավարության կողմից՝ մենք չենք պատրաստվում կատարել պատվերներ, մեզ համար շատ կարևոր է մեր առաքելության չեզոքությունը և անկախությունը», - նշել է Սոնա Այվազյանը։

Անդրադառնալով ԱՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանի անհանգստությանը վերոհիշյալ կազմակերպությունների կողմից դիտորդություն իրականացնելու կապակցությամբ, Այվազյանը նշել է, որ չգիտի, թե ինչն է անհանգստացրել Բալասանյանին` այն, որ
1. Արցախի ընտրությունների ընթացքում լինելու է դիտորդական առաքելությո՞ւն,
2. դիտորդական առաքելությունը Հայաստանի՞ց է,
3. հիշյալ կազմակերպություններ են իրականացնելու դիտորդություն։

«Եթե իրենց հետաքրքրում է առհասարակ դիտորդությունը, երևի, ինչ-որ բան ունեն թաքցնելու, և դա հասկանալի չէ։ Եթե իրենց անհանգստացնում է Հայաստանի կողմից դիտորդական առաքելությունը, ասեմ, որ դա Արցախի օրենսդրությամբ է սահմանված, և արտասահմանյան կազմակերպությունները, իսկ տվյալ դեպքում մենք որպես արտասահմանյան կազմակերպություն ենք հանդես գալու, կարող ենք դիմել, ստանալ հրավեր և մասնակցել ընտրություններին։ Եվ երրորդ՝ չեմ կարող ճիշտն ասած ասել՝ կոնկրետ ի՞նչն է իրենց մտահոգում, բայց այս կազմակերպությունները պարզապես փորձառություն ունեն, և Հայաստանում իրականում քիչ միավորներ կան, որոնք ունեն մեծ փորձառություն դիտորդական առաքելություն իրականացնելու։ Երևի մինչև 5-ը կարող են լինել, և մենք այդ 5-ից 2-ն ենք, այդ փորձառությունն ունենք, նաև անկախ ենք։ Նույնիսկ եթե մենք տվյալ դեպքում Կառավարության կողմից ենք ֆինանսավորվում, դա մեր կազմակերպության բյուջեի շատ չնչին մասն է կազմում՝ 4 տոկոսը, և դա երբևիցե չի կարող որևէ կերպ անդրադառնալ մեր կարծիքի վրա:

Ամբողջական հոդվածը` factor.am-ում