Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում 2019թ. օգոստոսի 30-ին տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը։ Նիստին մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ, պետական գերատեսչությունների և շահագրգիռ կառույցների ղեկավարներ, ՀՀ վարչապետի աշխատակազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում` ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։

Ողջունելով խորհրդի մասնակիցներին՝ վարչապետ Փաշինյանը մինչ բուն օրակարգին անցնելը մի քանի շեշտադրում է արել։

Նիստի օրակարգի շրջանակում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրի լրամշակված նախագիծը` անդրադառնալով Հակակոռուպցիոն ռազմավարության հիմնական ուղղություններին՝

  • հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացում,
  • կոռուպցիայի կանխարգելում,
  • կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում,
  • հակակոռուպցիոն կրթություն և իրազեկում և այդ ուղղություններով նախատեսվող քայլերին:

Մասնավորապես, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման համատեքստում նախատեսվում է Հակակոռուպցիոն կոմիտեի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների և Գլխավոր դատախազությունում կոռուպցիոն հանցագործությունների քննության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ստեղծում:

Կոռուպցիայի կանխարգելման առանցքային ուղղություններն են՝ հայտարարագրման համակարգի բարեփոխումը, ծախսերի հայտարարագրումը, ոլորտային ռիսկերի վերհանումը, միջոցառումների ծրագրի մշակումը, բարեվարքության ամրապնդումը և վարչարարության պարզեցման նպատակով էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրումը:

Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման նպատակով Ռազմավարությամբ նախատեսվում է կոռուպցիոն հանցագործությունների ցանկի սահմանում Քրեական օրենսգրքով, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության նախատեսում, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման կառուցակարգերի մշակում, կոռուպցիոն հանցագործությունների քննության մեթոդաբանության մշակում և կիրառում, բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծում:

Իսկ հանրային կրթության և իրազեկման նպատակով նախատեսվում է հակակոռուպցիոն կրթության իրականացում ավագ դպրոցներում և բուհերում, վերապատրաստումների իրականացում, ինչպես նաև հանրային իրազեկման տարեկան արշավի ծրագրի մշակում և իրականացում:

Գործընթացը համակարգող մարմինը լինելու է Արդարադատության նախարարությունը, ընդհանուր կարիքների նախնական ֆինանսական գնահատականը կազմում է 16,528,044,400 ՀՀ դրամ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով մտքերի փոխանակությունը, կարևորել է շահագրգիռ քննարկումները, որոնք նպաստում են Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի ամբողջական և համապարփակ տարբերակի մշակմանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ քննարկումների արդյունքում բոլոր դիտողությունները լսվել են, հնարավորները՝ ներառվել, այժմ պետք է հնարավորինս արագ հաստատել փաստաթուղթը և անցնել իրագործման փուլին:

Սկզբնաղբյուրը` ՀՀ վարչապետի գրասենյակի մամուլի հաղորդագրություն