ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր, որոնց վերաբերյալ առկա են որոշ մտահոգություններ:

Ներկայացված նախագծերի փաթեթում, որպես ընդունման հիմնավորում, մատնանշված է 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո հաստատված քաղաքական իշխանության համար իրապես անկախ, կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական իշխանության ձևավորման առաջնահերթ խնդրի լուծման անհրաժեշտությունը և որպես գերակա նպատակ՝ գործադիր իշխանության ապօրինի միջամտությունից զերծ և դատավորների կողմից անձնական, նյութական շահագրգռվածությամբ՝ կաշառքով առաջնորդվելու հնարավորությունները բացառող իրավական կառուցակարգերի ներդրման ապահովումը:

Անշուշտ, անկախ և կոռուպցիոն երևույթներից զերծ դատական իշխանության ձևավորման համար չափազանց կարևոր նախապայման է հանդիսանում քաղաքական կամքի առկայությունը։ Սակայն եթե այդ քաղաքական կամքը չի ուղեկցվում և չի լրացվում ոլորտի ամբողջական բարեփոխման և որակական վերափոխման համապարփակ հայեցակարգային ծրագրերով և ուղենիշներով, տվյալ քաղաքական կամքը չի ստանա իրավական շունչ, այլ կերպ ասած՝ ժամանակի ընթացքում կփոշիացվի։

Այս տեսանկյունից գտնում ենք, որ ներկայացված նախագծերի փաթեթն ի զորու չէ լուծել հիմնավորումներում մատնանշված նպատակները, քանի որ բացի այն, որ կրում է հատվածական բնույթ, այն նույնիսկ իրավիճակային համարել հնարավոր չէ այն պատճառով, որ չի ենթադրում շտկել ներկայիս բացասական իրողությունները:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի մասով

1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է օրենքի 97-րդ հոդվածի 1-ին մասով դատավորների համար նախատեսված տարիքային նվազագույն շեմը 28-ի փոխարեն սահմանել 25-ը։ Ենթադրաբար նախագծի այս փոփոխությամբ նպատակ է հետապնդվում ընդլայնել դատավորների թեկնածուների կադրային ռեզերվը, սակայն ինչքանով կարող է այն լուծել վերոնշյալ խնդիրներն ու հասանելի դարձնել նպատակը, առավել քան կասկածելի է։ Մասնավորապես՝ բանիմաց կադրերին դատական իշխանության մեջ ներգրավելու հարցում տարիքային ցենզի նվազեցումը ոչ միայն բացասաբար կազդի դատական իշխանության որակի վրա՝ փորձառության առումով, այլ նաև այլ պայմանների (օրինակ՝ նյութական) չապահովման դեպքում կդառնա ընդամենը փորձաշրջան նոր իրավաբան մասնագետների համար։

2․ Վերջին մեկ տարում ծավալված քաղաքական և իրավական քննարկումներին հակառակ նախագծով կարգավորված չէ նաև 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո հրամայական դարձած դատավորների զտման (վեթինգի) համար իրավական անհրաժեշտ մեխանիզմների ներդրման հարցը, որը հնարավորություն կտար նորովի մոտեցում ցուցաբերել դատական իշխանությանը անհրաժեշտ կադրային կանխատեսելի քաղաքականություն իրականացնելու համար։

Առաջարկ․

Գտնում ենք, որ դատական համակարգի բարեփոխումները պետք է ընթանան առաջարկվողից հակառակ ուղղությամբ, մասնավորապես՝

1․ Օրենսդրորեն նախատեսել դատավորների վեթինգի գործընթացի համար անհրաժեշտ մեխանիզմներ,

2․ բարձրացնել դատավորների թեկնածուների համար փորձառության պահանջը, ուստի նաև տարիքը,

3․ ապահովել բարձր նյութական ապահովվածություն՝ բանիմաց և փորձառու կադրերի համար դատական համակարգի գրավչությունը բարձրացնելու համար,

4․ իրավական համակարգում ավելացնել դատական նախադեպերի կիրառելիության ծավալը՝ իրացվող նորմերի կանխատեսելիության աստիճանը բարձրացնելու նպատակով,

5․ վերափոխել դատական համակարգի աստիճանակարգվածության մոդելը՝ առավել պարզ և սեփական աստիճանում պատասխանատու դատական ատյան ձևավորելու համար։

Նշված գործոնները պետք է հանդիսանան այն ուղենիշները, որոնք պետք է ձևավորեն դատական արդյունավետ և արդարամիտ իշխանություն հաստատելու օրակարգը։

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի մասով

Հաջորդ հիմնարար խնդիրը վերաբերում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում առաջարկվող փոփոխություններին, մասնավորապես՝ նախագծի 7-րդ հոդվածով կարգավորվող հարաբերություններին առ այն, որ 2019թ․ օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած ՍԴ դատավորի նկատմամբ անկախ տարիքից կպահպանվի իր հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը՝ հավելավճարներով և այլ սոցիալական երաշխիքներով։

Թեև նշված իրավակարգավորումը որոշակիորեն հնարավորություն է տալիս հաղթահարել ՍԴ շուրջ ներկայումս առաջացած իրավական ճգնաժամը՝ հարկ է գիտակցել, որ այն կարող է արդար չընկալվել հարկատուների վճարած միջոցները անաշխատ ծախսելու առումով, և համարվել, որ հակասում է իրավունքի հիմնարար սկզբունքներից իրավահավասարությանը՝ բացառություն նախատեսելով միայն ՍԴ դատավորների համար։

Առաջարկ․

ՍԴ շուրջ առաջացած ճգնաժամը նախագծով առաջարկվող տարբերակով չլուծվելու պարագայում անհրաժեշտ է այն հանգուցալուծել ՍԴ դատավորների զտման (վեթինգի) գործընթացի միջոցով՝ կիրառելով գույքային, մասնագիտական բաղադրիչները։ Այս մոտեցումը չի կարող դիտարկվել որպես իրավահավասարության սկզբունքի խախտում, քանի որ այս գործընթացի իրավակարգավորումները նախատեսված են դատական համակարգի մյուս ներկայացուցիչների համար։

Եզրակացություն

Վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված՝ անհրաժեշտ ենք համարում համապարփակ և ընդգրկուն մասնակցային քննարկումների արդյունքում ձևավորել դատական իշխանության բարեփոխումների հայեցակարգային օրակարգ և առաջնորդվել պետականաշինության տեսանկյունից հեռահար և ողջամիտ նպատակներով և ծրագրերով։

ԹԻՀԿ առաջարկը՝այստեղ