Գորիսում հուլիսի 23-ին տեղի է ունեցել «Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագիրը» խորագրով հանրային քննարկում: Այն կազմակերպել է ՀՀ արդարադատության նախարարությունը՝ Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան կազմակերպության հետ համատեղ:

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը կոնցեպտուալ մակարդակով ներկայացրել է քաղաքացիական հասարակության 5 կազմակերպոությունների տեսակետը hակակոռուպցիոն 4-րդ ռազմավարության վերաբերյալ, որն ընդգրկում է 15 հիմնական ուղղություններով 69 առաջարկ հակակոռուպցիոն ռազմավարության և 26 առաջարկ միջոցառումների ծրագրի վերաբերյալ:

Ըստ բանախոսի` համակարգային կոռուպցիայի վերացման համար որպես նպատակ պետք է դրվի պետության զավթման վերացումը: Պետք է լինի պատասխանատվություն միջոցառումները չկատարելու դեպքում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ընտրության հարցը լինի անկախ և անկողմնակալ, մասնագիտացված իրավապահ մարմինը` Հակակոռուպցիոն կոմիտեն ունենա օպերատիվ հետախուզական գործառույթներ, որը կխթանի իրավապահ համակարգի, այդ թվում` ԱԱԾ բարեփոխումներին:

Հոկտանյանն անդրադարձել է նաև դատախազական հսկողությանը կոռուպցիոն գործերի քննության նկատմամբ, մասնագիտացված դատարաններին, ապօրինի հարստացման և իրական սեփականատերերի բացահայտմանը, hանրային ծառայողների պարգևատրման համակարգին, իրավական ակտերի կարգավորման ազդեցության գնահատմանը, հանրության մասնակցությանը որոշումների ընդունման գործընթացներին, ազդարարների պաշտպանությանը, կուսակցությունների ֆինանսավորմանը, քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը կոռուպցիայի դեմ պայքարում:

Մանրամասները` Գորիսի մամուլի ակումբի տեսանյութում