Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում հուլիսի 12-ին տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցել են նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում` ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը:

Բացելով նիստը՝ վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Այսօր միանշանակ է և աներկբա, որ ՀՀ կառավարությունն ունի հակակոռուպցիոն սկզբունքային պայքար վարելու քաղաքական կամքի հնարավորինս ամենամեծ ծավալը»: Նա նաև շնորհակալություն է հայտնել խորհրդարանական գործընկերներին, Մարդու իրավունքների պաշտպանին, ՀԿ ներկայացուցիչներին, ովքեր այս գործընթացի մեջ ներգրավված են ոչ թե ի պաշտոնե, այլ համաձայնությամբ և հույս է հայտնել, որ կհաջողվի այս համատեղ աշխատանքը դարձնել իրապես արդյունավետ:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի նախագիծը, որն արդեն հրապարակված է e-draft.am կայքում: Օրակարգի երկրորդ հարցով արդարադատության նախարարը ներկայացրել է ՀՀ դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարության հիմնական հայեցակարգային ուղղությունները:

Արդարադատության նախարարի զեկուցումից հետո ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է արդարադատության նախարարին՝ շահագրգիռ պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ շարունակել քննարկումները Հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ ներկայացված առաջարկների շուրջ և լրամշակված նախագիծը ներկայացնել Խորհրդի հաջորդ նիստի քննարկմանը:

Սկզբնաղբյուր` ՀՀ կառավարության կայքէջ