2019 թ․ հունիսի 25-ին տեղի է ունեցել կուսակցությունների ֆինանսավորման, ինչպես նաև ընտրական վեճերի և խախտումների բողոքարկման թեմաներով հանրային քննարկում: Քննարկմանը մասնակցել են ՀՀ պետական մարմինների, կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովների, կուսակցությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների ավելի քան վեց տասնյակ ներկայացուցիչներ և ոլորտի անհատ փորձագետներ:

Միջոցառման նպատակն էր բոլոր գործընկերներին ներկայացնել և քննարկել ընտրությունների ժամանակահատվածում և դրանից դուրս կուսակցությունների ֆինանսավորման, ինչպես նաև ընտրությունների ընթացքում արձանագրված վեճերի կարգավորման և խախտումների բողոքարկման գործընթացները և խնդիրները Հայաստանում և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները։ Հանրային քննարկումների արդյունքում ձեռք բերված առաջարկություններն ամբողջականացնելուց հետո կուղարկվեն ՀՀ ԱԺ ընտրական բարեփոխումների փաթեթում ընդգրկելու նպատակով:

Քննարկման առաջին մասում ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, հանդես գալով բացման խոսքով, նշել է, որ «Ականատես» դիտորդական առաքելությունն իրականացրել է 2018 թ. դեկտեմբեր 9-ի ընտրությունների դիտարկումը և դրա արդյունքում եկել է այն եզրահանգման, որ Հայաստանում որոշ չափով ընտրական օրենսդրությունը բարելավվել է, ակնհայտ են էական զարգացումներ, որոնք որ ընտրական գործընթացները առավել արդյունավետ, թափանցիկ են դարձնում։

«Չխոսելով քաղաքական կամքի գործադրման ցանկության մասին, զուտ գործընթացների առումով օրենսդրական դաշտը բավականին փոխվել է, սակայն մեր դիտարկումները ցույց տվեցին, որ երկու հիմնական խնդիր մնում է չլուծված և դա նախընտրական քարոզչությունն է, որի հետ կապված կան լուրջ խնդիրներ պայմանավորված՝ վարչական ռեսուրսի չարաշահման և կուսակցությունների ֆինանսավորման ոչ թափանցիկ լինելու հետ։ Երկրորդը՝ ընտրական գործընթացների վեճերի լուծման հետ կապված խոչընդոտն է»,- նշել է Սոնա Այվազյանը։

Այնուհետև ԹԻՀԿ փորձագետ Խաչիկ Հարությունյանը հանրային քննարկման ընթացքում խոսել է երկու հիմնական հարցերի՝ կուսակցությունների ընթացիկ ֆինանսավորման և կուսակցությունների ֆինանսավորման նախընտրական քարոզչության ընթացքի մասին։ Փորձագետը ներկայացրել է հիմնական մեթոդաբանությունը, որի հիման վրա կատարվել է աշխատանքը, ինչպես նաև տեղեկացրել է, որ վերլուծվել է ՀՀ օրենսդրությունը, անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների իրավական ակտերին՝ ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիային, ԵԽ հանձնարարականներին։

Այվազյանը կարևորել է նաև թեմայի վերաբերյալ մասնակիցների ներգրավվածությունն ու առաջարկությունների ներկայացումը։ Այդ նպատակով տեղի են ունեցել քննարկումներ երկու խմբերում՝ կուսակցությունների ֆինանսավորում և կուսակցությունների նախընտրական քարոզարշավի ֆինանսավորում թեմաների շուրջ, որոնք վարել են Խաչիկ Հարությունյանը և ԹԻՀԿ ընտրական ծրագրերի ղեկավար Ալեքսեյ Պետրոսյանը:

Խմբային քննարկումների արդյունքում վեր են հանվել հետևյալ խնդիրները և ներկայացվել են առաջարկություններ.

  • Կուսակցությունների ընթացիկ և նախընտրական քարոզչության ընթացքում ֆինանսավորման հետ կապված ռիսկերը էապես կմեղմվեն ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման դեպքում:
  • Հայկական սփյուռքի ներկայացուցիչների կողմից կուսակցություններին նվիրատվություններ կատարելը շարունակում է մնալ բանավեճի առարկա, սակայն միասնական համաձայնություն է առկա արտասահմանից ցանկացած ձևաչափով նվիրատվություններից ծագող ռիսկերի առնչությամբ:
  • Կուսակցությունները, մասնավորապես խորհրդարանական կուսակցությունները ցածր հետաքրքրվածություն ունեն կուսակցությունների ֆինանսավորման հարցում։
  • Հարկավոր է սահմանել լրացուցիչ փոփոխություններ՝ պահանջելով կուսակցություններից իրենց նախընտրական հիմնադրամների մուտքերի և ելքերի հայտարարագրերում ներառել քարոզչությանն առնչվող բոլոր ծախսերը, որոնք ներկայիս օրենսդրությամբ պարտադիր չեն։
  • Կուսակցությունների մուտքերն ու ելքերը դարձնել անկանխիկ` գործընթացը վերահսկելի դարձնելու նպատակով։
  • ԿԸՀ ՎՎԾ կողմից իրականացվում է հիմնականում ֆինանսական աուդիտի գործառույթ, որը կարելի է ընդլայնել՝ օժտելով ծառայությանը լրացուցիչ գործիքակազմով։ Հարկավոր է դիտարկել նաև տեսչական ստուգումների և խարդախության ուսումնասիրությունների (fraud investigation) մոտեցումները:
  • Նախընտրական շրջանում վերահսկողություն իրականացնելու նպատակով դիտարկել նաև ընտրական գործընթացի դերակատարների հետ համագործակցության հնարավորությունը տվյալների հավաքագրման նպատակով (դիտորդական առաքելություններ, աուդիտորական ընկերություններ, այլ կուսակցություններ և այլն)։

Միջոցառման երկրորդ մասում Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը ներկայացրել է «Ընտրախախտումների բողոքարկման իրավասուբյեկտությանն առնչվող միջազգային չափորոշիչները և հիմնախնդիրները ՀՀ-ում» թեման։ ԻԶՊՀ-ի ներկայացուցիչները անդրադարձել են նաև քրեաիրավական բնույթի խախտումների քննության հետ կապված հիմնախնդիրներին, դատական պրակտիկայում դիտորդական կազմակերպությունների հայցերի հիման վրա քննվող գործերին, ինչպես նաև ընտրական հանձնաժողովներում դիմումների քննության հետ կապված խնդիրներին, դրանց լուծման ուղիներին։

Հանրային քննարկումը իրականացվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և Ազգային ժողովրդավարության ինստիտուտի ֆինանսական աջակցությամբ:

«Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնադրվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության կողմից 2018 թվականին: Առաքելության գործընկերներն է նաև Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը:

«Ականատեսի» նպատակն է նպաստել ազատ և արդար ընտրությունների անցկացմանը, ընտրական գործընթացների օրինավորությանը և դրանց նկատմամբ հանրային վերահսկողությանը:

Մանրամասները` Ականատես դիտորդական նախաձեռնության ֆեյսբուքյան էջում
Լուսաբանումը` 1in.am Որոնք են ՀՀ-ում կուսակցությունների ֆինանսավորման և ընտրական վեճերին առնչվող հիմնախնդիրները