Թբիլիսիում հունիսի 12-14-ը ընթանում է «Օրենքի գերակայության խթանումը հետխորհրդային երկրներում պետական ​​և ոչ պետական ​​կառույցների համագործակցության միջոցով» խորագրով եռօրյա սիմպոզիում երեք աշխատանքային խմբերով, որին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի շուրջ 40 փորձագետներ: Միջոցառմանը ներկա է ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, ով մասնակցում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանումը» խմբի աշխատանքներին: Յուրաքանչյուր աշխատանքային խումբ ներկայացնելու է առաջարկություններ, որոնք կամփոփվեն զեկույցում:

Հետխորհրդային երկրների մարտահրավերներից մեկը կառավարությունների կողմից ​​թափանցիկության և հաշվետվողականության բարենպաստ միջավայրի ստեղծումն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածության համար: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կարևոր դեր են կատարում պետական ​​իշխանության նկատմամբ վերահսկողության իրականացման գործում` խթանելով թափանցիկությունը և հաշվետվողականությունը, վեր հանելով կոռուպցիան և անարդյունավետությունը, ինչը խաթարում է պետական ​​ինստիտուտների աշխատանքը և թուլացնում օրենքի գերակայությունը: Սիմպոզիումի մասնակիցները քննարկում են, թե այդ կարևոր փոփոխությունների առաջնորդները ինչպես կարող են գործադրել սոցիալական պատասխանատվության մեխանիզմներ և ներգրավվել ավելի ֆորմալ պետական ​​գործընկերություններում, որոնցից է Բաց կառավարման գործընկերությունը` խթանելու հաշվետվողականությունը, թափանցիկությունը և օրենքի գերակայությունը հետխորհրդային երկրների կառավարություններում` արդյունքում նպաստելով Կայուն զարգացման նպատակ 16-ին:

Միջոցառումը կազմակերպվել է «Արդարադատության ոլորտի ուսուցում, հետազոտության և համագործակցության» ծրագրի շրջանակում Հարավային Կարոլինայի «Օրենքի գերակայության համագործակցություն» (ROLC) կենտրոնի և ԱՄՆ պետքարտուղարության Թմրանիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի աջակցությամբ: