«Մեդիա կենտրոնում» հունիսի 10-ին տեղի է ունեցել քննարկում «Աբովյանի քաղաքապետի ընտրություն. գնահատականներ և դիտարկումներ» թեմայով, որի բանախոսներից էր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ընտրական ծրագրերի համակարգող Ալեքսեյ Պետրոսյանը:

Ըստ Ալեքսեյ Պետրոսյանի` «Ականատես» դիտորդական նախաձեռնության դիտորդների բարձրաձայնած որոշ խնդիրներ կապված էին հանձնաժողովների թույլ աշխատանքի հետ, այլ խնդիրներ` վարչական ռեսուրսի չարաշահման ռիսկի հետ: «Ուզում ենք ընդգծել վարչական ռեսուրսի չարաշահման խնդիրը կապված Կոտայքի մարզպետի հետ, ով գտնվում է արձակուրդում, բայց փաստացի իրականացնում է մարզպետի գործառույթներ: Չնայած, որոշ դեպքերում օրենքի խախտում չկա, վտանգներ պարունակում է, ինչը հնարավոր է հետագայում չարաշահման տեղիք տա»,- նշել է Պետրոսյանը` անդրադառնալով այն հարցին, թե «ինչպես ինստիտուցիոնալացնել արդար ընտրությունների անցկացման ձեռքբերումը, որ այն դառնա կայուն ինստիտուցիոնալ ընտրական մշակույթ», - շարունակելով. «Եթե տեսնում ենք ռիսկեր, մեր խնդիրն է, որ բացառենք նման դրսևորումները կամ դրանց համակարգային վերածումը հաջորդ ընտրությունների դեպքում»:

«Կուսակցական համակարգի թերի կայացվածությունը խնդիր է: Փորձում ենք թե՛ Ընտրական օրենսգրքի, թե՛ Կուսակցությունների մասին օրենքի բարեփոխումներով մինչև հաջորդ համապետական ընտրությունները ապահովել մրցապայքարի, ընտրական մշակույթի այն բարձր չափանիշները որ կարողացանք գրանցել 2018թ. դեկտեմբերին»,- նշել է Պետրոսյանը:

Մանրամասները` Մեդիա կենտրոնի տեսանյութում` https://bit.ly/31jNmkt