Մայիսի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել քննարկում «Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը» թեմայով: Բանախոսներն էին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը, Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը և «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը:

Ըստ Հայկ Մարտիրոսյանի` եթե դիտարկում ենք համաշխարհային փորձը, ազգային անվտանգության ծառայությունների խնդիրը հետախուզական և հակահետախուզական գործառույթն է: ԱԱԾ-ն պետք է հեռու պահել տնտեսությունից այնքանով, որքանով, որ դա չի առնչվի ԱԱԾ հարցին: Տնտեսությունը չպետք է իր վրա զգա ԱԱԾ շունչը: Սա բերում է տնտեսության մեջ անկայունության և, բնականաբար, նաև օտարերկյա ներդրումների տեսանկյունից լուրջ խոչընդոտներ կարող են առաջ բերվել:

«Հիմա խոսվում է ակտիվների վերադարձի, նվիրատվությունների և այլնի մասին, բայց որո՞նք են դրա իրավական գործընթացները: Երբ այդ գումարների վերադարձի և այլնի իրավական մեխանիզմները կբացատրվեն, հասարակություն վստահությունը կբարձրանա: Մինչև չլինեն հստակ իրավական մեխանիզմներ, այդ կառույցը չիմանա իր հիմնական գործառույթները և չմտնի գործունեության այլ դաշտեր, այս հարցերը միշտ մնալու են օրակարգում»:

ԱԱԾ-ից քննչական գործառույթը հանելու մասով էլ նա միանշանակ համամիտ է, բայց հավելում է. «Այս պահն արդյոք այն իրավիճա՞կն է, որ այդ բաժանմունքը պետք է ԱԱԾ-ից դուրս բերվի, կա՞ վերլուծություն, թե նախաքննական մարմիններից ո՞ր մարմինն է ի զորու դա անելու: ԱԱԾ-ի այդ ստորաբաժանումն ունի և օպերատիվ և քննչական գործառույթ, իսկ քննչական մարմնի արդյունավետ աշխատանքի հիմք տալիս են օպերատիվ-հետախուզական ծառայությունները: Մեր նախաքննության մարմիններից որևէ մեկը, բացառությամբ, հարկային մարմնի, չունի օպերատիվ ծառայություն և ստիպված են դիմել ուժային մարմիններին, որպեսզի նրանք տրամադրեն օպերատիվ տեղեկատվություն` քննության այս կամ այն փուլում որոշակի բացահայտումներ անելու նպատակով:

Սկզբնաղբյուրը` http://media-center.am/hy/1558513689