«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության (ԹԻՀԿ) կողմից ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում իրականացվող հակակոռուպցիոն դպրոցը մայիսի18-ին մոտեցավ իր ավարտին: Դասընթացին մասնակցել են 23 երիտասարդներ, որոնք դարձել են դպրոցի առաջին շրջանավարտները:

Դասընթացի շնորհիվ մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալ տարբեր ոլորտներում առկա կոռուպցիոն երևույթներին և դրա հետևանքներին, ինչպես նաև դրա դեմ պայքարի ուղիներին: Հակակոռուպցիոն դպրոցի սաների համար բանախոսություններով հանդես են եկել պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ:

Դասընթացի ավարտին հակակոռուպցիոն դպրոցի սաներին հնարավորություն է ընձեռվել ներկայացնել սեփական ծրագրերը և դրանք կյանքի կոչել: Ներկայացվել են 4 ծրագրեր և առաջարկություններ, որոնք մշակվել են խմբերով:

Ծրագրերը գնահատելու նպատակով կազմվել է հանձնաժողով, որի կազմում եղել են ԱԺ պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Համազասպ Դանիելյանը, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի ծրագրերի ղեկավար Լուսինե Հակոբյանը, ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, ԲՀՀ-Հայաստանի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրի ղեկավար Վարուժան Ավանեսյանը:

Հանձնաժողովի անդամների համաձայնությամբ որոշվել է հնարավորություն տալ երիտասարդներին իրականացնել բոլոր 4 ծրագրերը` համապատասխան շտկումներից և ուղղումներից հետո:

«Մաքուր» բուհ, «մաքուր» հասարակություն ծրագիրը նպատակ ունի բարձրացնել ուսանողների իրավական գիտակցությունը և կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդների մասին իրավական գիտելիքներ տալ: Այն իրականացվելու է հանրապետության 3 համալսարաններում:

«Ծերերինը՝ ծերերին…» ծրագրի հիմնական գործողությունը Հայաստանի պետական 4 ծերանոցներում ուսումնասիրության իրականացումն է, որի նպատակն է պարզել, թե ինչքանով են ծերանոցները համապատասխանում սահմանված չափորոշիչներին, և ինչպես է իրականացվում ծառայությունների մատուցումը ծերերին:

«Դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման գործընթացում առկա խնդիրները և կոռուպցիոն ռիսկերը» ծրագիրը նպատակ ունի ուսումնասիրել Արմավիրի մարզի 5 դպրոցական խորհուրդների կազմավորման և նրանց ընտրության թափանցիկության մեխանիզմները` բացահայտելով կոռուպցիոն ռիսկերը տնօրենի ընտրության գործընթացներում:

«Հանրային վերահսկողություն» ծրագրի նպատակն է վերահսկիչ մարմինների (Հաշվեքննիչ պալատ, ՊՎԾ, տեսչական մարմիններ) գործունեության մասին մեծացնել հանրային իրազեկվածությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի թափանցիկությանն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։

Դասընթացի ավարտին դպրոցի մասնակիցները ներկայացրել են նաև իրենց գնահատականները, դիտողությունները` այն հետայսու ավելի արդյունավետ կազմակերպելու համար:

Դպրոցի առաջին շրջանավարտներից Մանե Մինասյանը նշել է. «Կա այսպիսի խոսք՝ թշնամու լեզուն պետք է լավ իմանալ: Կոռուպցիան բոլորիս թշնամին է, որի լեզուն մենք սովորեցինք»։

Իսկ Լիլիթ Փանոսյանի խոսքով՝ ցանկացած պայքար սկսվում է իրազեկվածությունից և ճիշտ վերլուծություններ կատարելուց: Հակակոռուպցիոն պայքարը ևս բացառություն չէ: Դպրոցի ստեղծումը ևս մեկ քայլ առաջ է իրավունքահեն պետություն և կոմպետենտ հասարակություն ունենալու գործում:

Միջոցառման ավարտին Հակակոռուպցիոն դպրոցի առաջին շրջանավարտներին տրվել են նաև մասնակցության վկայականներ:

Հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպվել է ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի կողմից, որի նպատակն է ակտիվացնել քաղաքացիների ներգրավվածությունն ու վերահսկողությունը Հայաստանում թափանցիկություն ու հաշվետվողականություն խթանող բարեփոխումների գործընթացներում:

Ծրագրի իրականացման գործընկերներն են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը և «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը: