«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը Infocom-ի հետ զրույցում անդրադարձավ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հիմքերին, ԱԺ էթիկայի հանձնաժողովում նրա հարցը քննելու կարևորությանն ու ապօրինի ձեռնարկատիրության վերաբերյալ Քրեական օրենսգրքի բացերին:

Հիշեցնենք՝ «Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ԱԺ նախագահին՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով: Այսօր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնեց, որ ՔՈ ՍԴԿ-ի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն:

«Ծառուկյանի խոսքերն ամբողջությամբ ինքնախոստովանական ցուցմունք են այն մասին, որ նա իրականում զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ: Նույնիսկ եթե հանձնել է հավատարմագրային կառավարման, ինչը արժե ստուգել, բայց բոլոր դեպքերում դա ձևական բնույթ է կրում: Իր խոսքում նա հստակ ցույց է տալիս, որ որոշումների ընդունողն ինքն է, նա կոնկրետ շահ ունի այդ բիզնեսներից, և չի դադարել, նույնիսկ պատրաստվում է ընդլայնել իր բիզնես գործունեությունը»,- ասաց Սոնա Այվազյանը:

Նրա խոսքերով՝ Հայաստանում ցավալիորեն չի գործում հավատարմագրային կառավարման ինստիտուտը՝ իր լիարժեք իմաստով: «Գործելու պարագայում պատգամավորը պիտի ամբողջությամբ մի կողմ գնար բիզնեսից, առնվազն չմասնակցեր կառավարմանը վերաբերող որոշումների ընդունմանը: Մինդեռ տվյալ դեպքում Գագիկ Ծառուկյանը մի կողմից ունի բիզնես, մյուս կողմից Ազգային ժողովի ամբիոնից խոսում է մի հարցի շուրջ, որում հստակ շահագրգիռ անձ է: Հետևաբար՝ նա չի կարող հանրային շահ հետապնդել: Շահերի ակնհայտ բախում կա այստեղ»,- նշեց նա:

Ամբողջական հարցազրույցը՝ https://bit.ly/2PGkJZ4