Սեպտեմբերի 8-ին կայացել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որում քննարկվել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի կատարման ընթացքի, ՀՀ պետական համակարգի բարեփոխումների հանձնաժողովի 1999-2006թթ. գործունեության և այլ ընթացիկ հարցեր: Նիստում որոշում է կայացվել նաև ձեռնամուխ լինել նոր ծրագրի մշակման աշխատանքներին և ՀՀ գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարվել է առաջարկություններ մշակել իրենց ոլորտներում կոռուպցիայի դեմ պայքարի առկա հիմնախնդիրների վերաբերյալ` նոր ռազմավարությունում ընդգրկելու նպատակով:

Նիստում դեռևս ս.թ. մայիսին ՀՀ կրթության և գիտության փոխնախարար նշանակված դաշնակցական Բագրատ Եսայանի փոխարեն ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամ և հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ նախագահի օգնական Գևոր?գՄհերյանը:

Նշենք, որ ս.թ. ապրիլի 21-ին կայացել էր կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նախորդ նիստը, որում, ի թիվս այլ խնդիրների, քննարկվել էր ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցը: Տվյալ նիստում որոշում էր ընդունվել վեցամսյա հասարակական քննարկումներից հետո ՀՀ նախարարություններին և գերատեսչություններին հանձնարարել մշակելու առաջիկա երեք տարիներին իրականացվելիք հակակոռուպցիոն նոր ծրագիր, որը սակայն չէր կատարվել: Իսկ չորս ամիս անց նույն հարցի վերաբերյալ ընդունվել էր նոր որոշում, որտեղ լռության էր մատնվել հասարակական քննարկումների թեման: