Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի օգնական Լենա Նազարյանը ս.թ. հուլիսի 5-ից 9-ը Վիլնյուսում մասնակցել է ԹԻ օրինավորության ուսուցման ամառային դպրոցի դասընթացին: Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 65 երիտասարդ մասնագետներ Հայաստանից, Բելառուսից, Էստոնիայից, Վրաստանից, Կոսովոյից, Լատվիայից, Լիտվայից, Մոլդովայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից և ԱՄՆ-ից` արծարծելու կոռուպցիայի հիմնախնդիրն ու դրա դեմ պայքարը:

Դասընթացի ընթացքում քննության են առնվել քաղաքական կոռուպցիան և կուսակցությունների ֆինանսավորումը, կոռուպցիան պետական հատվածում, լրատվամիջոցների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, տեղեկության հաղորդումն ու քաղաքացիների ներգրավվածությունը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ-ի աշխատանքը որպես շահերի պաշտպանության ոչ կառավարական կազմակերպություն: Դասընթացի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև այնպիսի ընդգրկուն խնդիրներին, ինչպիսիք են կոռուպցիան և կազմակերպված հանցավորությունը, ինչպես նաև քաղաքացիների իրավունքների ընդլայնումը ՏՏ միջոցներով:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ-ի ամառային դպրոցը կազմակերպվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ Լիտվայի կողմից` Միկոլաս Ռոմերիս համալսրանի հետ համագործակցությամբ և Վիլնյուսում Ֆինլանդիայի ու ԱՄՆ դեսպանությունների, Թրանսփարենսի Ինթերնեշնլ քարտուղարության ու Տարածաշրջանային համագործակցության սևծովյան միավորման աջակցությամբ:

ԹԻ առաքելությունն է փոփոխություն կատարել դեպի աշխարհ, որ զերծ է կոռուպցիայից:

Մանրամասների համար տես Թրանսփարենսի Ինթերնեշնլ-ի ամառային դպրոց 2010 անգլերեն լեզվով