Հակակոռուպցիոն փորձագիտական խմբի ներկայացուցիչները Ուկրաինա կատարած այցի շրջանակում մարտի 6-ին հանդիպել են «Ուկրաինայի պացիենտներ» հասարակական կազմակերպության, Թրանփարենսի Ինթերնեշնլ Ուկրաինայի և «1991 բաց տվյալների ինկուբատոր» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ:

«Ուկրաինայի պացիենտներ» հասարակական կազմակերպության նպատակն է արմատախիլ անել համակարգային կոռուպցիան Ուկրաինայի առողջապահական համակարգում և ստեղծել ինստիտուցիոնալ, քաղաքական և քաղաքացիական պայմաններ, ինչը կապահովի, որ Ուկրաինայի քաղաքացիները հնարավորություն ունենան ձեռք բերել կենսական նշանակության դեղորայքներ:

«Ուկրաինայի պացիենտներ» ՀԿ-ում փորձագետներին ներկայացվել են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակում ձեռք բերվող դեղորայքի գնման գործընթացում իրենց կատարած աշխատանքը և ներկայացրած օրենսդրական առաջարկությունների հիման վրա ձեռք բերված փոփոխությունները:

ԹԻ Ուկրաինայի ներկայացուցչությունում հայ փորձագետները ծանոթացել են նաև պետական գնումների ոլորտում ներդրած ProZorro գնումների էլեկտրոնային հարթակի, Dozorro մոնիտորինգային հարթակի և «Ուկրաինայի 100 խոշոր քաղաքներ» ծրագրի հաջողություններին: Նշենք նաև, որ վերջինս չափում է ներդրումների հատվածի թափանցիկությունը Ուկրաինայի 100 խոշոր քաղաքներում՝ «Թափանցիկ քաղաքներ» ծրագրի շրջանակում:

Փորձագիտական խմբի հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել «1991 բաց տվյալների ինկուբատոր» նորարարական ծրագրերի ստեղծմամբ զբաղվող հասարակական կազմակերպության հիմնադիրների հետ։ Կազմակերպության երիտասարդ մասնակիցները ներկայացրել են, թե ինչպես են բաց տվյալների հիման վրա ստեղծվում սոցիալական նորարական ծրագրեր (Startup), ինչպես են իրենք այդ ծրագրերի հեղինակներին ցուցաբերում իրավաբանական, ֆինանսական, փորձագիտական աջակցություն, և ինչ ազդեցություն են ունենում այդ ծրագրերը Ուկրաինայի զարգացման վրա։