Հրապարակվել է «Ազդարարի ուղեցույցը»
«Ազդարարների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի շրջանակում լույս է ընծայվել «Ազդարարի ուղեցույցը», որի նպատակն է հնարավորինս պարզ ներկայացնել ազդարարմանն առնչվող խրթին օրենսդրությունն այն անձանց, որոնք տեսնում են ապօրինություններ և ցանկանում են վեր հանել դրանք: Ուղեցույցին կից նաև մշակվել են մի շարք ձևաթղթեր՝ աջակցելու ազդարարներին և նրանց հետ փոխկապակցված անձանց՝ գործելու գրագետ այնպիսի իրավիճակներում, որոնց պոտենցիալ ազդարարը կարող է առերեսվել իրական կյանքում, ինչպես նաև պատրաստվել են հոլովակներ: Ազդարարումը կարևոր է ժողովրդավարական կարգերի հանդեպ տեղի գտնող ոտնձգությունների կամ սպառնալիքների դեմ պայքարի տեսակետից: Այն անհրաժեշտ է կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար ոչ միայն այն պատճառով, որ բացահայտում է հանրային և մասնավոր հատվածում հանցագործ դրսևորումները և ներգրավում քաղաքացիներին կոռուպցիայի դեմ պայքարում, այլև այն առումով, որ նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը, քանի որ հանցագործություն ծրագրող անձինք զգուշանում են և ստիպված են ավելի խրթին մեխանիզմներ մտածել իրենց կոռուպցիոն գործարքների համար:
«ՀՀ ազգային ժողովն ընդունել է «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքը 2017թ. հունիսի 9-ին, այսինքն այն ժամանակ, երբ ազդարարման հավանականությունը շատ փոքր էր, կասկածի տակ էր համապատասխան կառույցների պատշաճ արձագանքումը ազդարարների հաղորդումներին և, ի վերջո, կար վտանգ, որ ազդարարումը կարող էր գործադրվել իրենց իսկ դեմ: Սրա ապացույցն են Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպության Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի 2016թ. տվյալները, որոնք արձանագրել են ծայրահեղ անբարենպաստ տվյալներ Հայաստանի համար՝ տարածաշրջանի 42 երկրների ընդհանուր համատեքստում: Այսպես, Հայաստանի քաղաքացիների 52 տոկոսը չէր ցանկանում ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարում, 63 տոկոսը կարծում էր, որ շարքային քաղաքացու ներգրավումը ոչինչ չի փոխի, 67 տոկոսը ցանկություն չունէր բարձրաձայնելու կոռուպցիոն դեպքերի մասին, որի հիմնական պատճառը վախն էր հնարավոր հետևանքներից (41 տոկոս), իսկ 68 տոկոսը գտնում էր, որ բարձրաձայնելուց ոչինչ չի փոխվի:
2018թ. գարնանը Հայաստանում տեղի ունեցած համաժողովրդական թավշյա հեղափոխությունը ցույց տվեց, որ քաղաքացիների մեծամասնությունը պատրաստ են լինել արդարության պաշտպաններ և մարտիկներ: Հեղափոխությունը նաև իր հետ բերեց բարձր ակնկալիքներ երկրի նոր ղեկավարությունից և այլևս ակնհայտ է, որ քաղաքացին իրեն զգում է, որպես պահանջատեր պետական կառույցների և պաշտոնյաների նկատմամբ: Հայաստանում տիրող նոր իրավիճակում «Ազդարարման համակարգի մասին» օրենքը ստանձնում է բացառիկ առաքելություն և դերակատարում՝ խթանելու քաղաքացիների ներգրավումը արդարության հաստատման գործում և ձևավորելու անհանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ:
Նոր Հայաստանում քաղաքացին վերադարձել է իր սահմանադրական դերին և դարձել իշխանության աղբյուրը: Այս իրավիճակում սույն ուղեցույցը լավագույնս կնպաստի կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը, ապօրինությունների կանխարգելմանը և արդարության հաստատմանը»,- նշված է ուղեցույցի նախաբանում: Սույն հրապարակումը հնարավոր է դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Չեխիայի Արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ՝ Չեխիայի Հանրապետությունում Թրանսփարենսի Ինթերնեշնլի գրասենյակի հետ համատեղ իրականացվող ծրագրի միջոցով:
Տես «Ազդարարի ուղեցույցը» ԹԻՀԿ կայքում: