2010 թ. մայիսի 10-ին ԵՄ Ընդհանուր հարցերով խորհուրդը հաստատեց ԵՄ-ի կողմից Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի բանակցություններ սկսելու հանձնարարականները: Նշվում է, որ ԵՄ-ի և Հարավային Կովկասի երկրների միջև հարաբերությունների խորացման ուղղությամբ առաջընթացը պետք է հիմնված լինի ընդհանուր արժեքների ու սկզբունքների, այդ թվում՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա:

Մենք համոզված ենք, որ եվրաինտեգրման քաղաքականությունը ամենանպաստավորն է Հայաստանի` իրապես ժողովրդավար ու բարգավաճ երկիր դառնալու և բաց ու արդարացի հասարակություն կառուցելու տեսանկյունից: Այդ իսկ պատճառով մենք ողջունում ենք այս գործընթացը, քանի որ ասոցացման համաձայնագիրը կարող է համակողմանի ինտեգրման արագ ճանապարհ ապահովել:

Այնուամենայնիվ, կարծում ենք, որ արժեքների և սկզբունքների վրա հիմնված հարաբերությունների խորացման պայմանը պետք է լինի մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության, արդյունավետ կառավարման և արդարադատության ներկայիս վիճակի բարելավումը Հայաստանում: Հարաբերությունների ամրապնդման համար, որոնք ի վերջո կհանգեցնեն եվրոպական արժեքների վրա հիմնված ինտեգրման, անհրաժեշտ են հրատապ և կոնկրետ քայլեր, որոնք պետք է ձեռնարկվեն որպես նախապայմաններ և երաշխիք կհանդիսանան այդ իսկ արժեքների նկատմամբ հարգանքի բավարար մակարդակի ապահովման համար: Մենք նաև կոչ ենք անում սահմանել և հրապարակել կոնկրետ չափանիշներ` առաջընթացը գնահատելու նպատակով:

Հայաստանի քաղաքացիական հասարակության համար, որն աշխատում է տարաբնույթ ոլորտներում` ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների և արդյունավետ կառավարման, հետևում ու ուսումնասիրում է ընթացիկ միտումներն և ի հայտ եկող խնդիրները, այն հրատապ և առաջնահերթ գործողությունները, որոնք կառավարությունը պետք է ձեռնարկի ծանրակշիռ և նպաստավոր ինտեգրման գործընթացում ներգրավվելու համար և որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսության, ժողովրդավարության և սոցիալական իրավիճակի զարգացմանը, պետք է լինեն հետևյալը.

1. Վերականգնել արդարությունն ու արդար դատավարության իրավունքը` անցկացնելով մարտի 1-ի սպանությունների արդյունավետ ու ամբողջական քննություն և ազատ արձակելով քաղաքական բանտարկյալներին:
2. Ձեռնարկել քայլեր օլիգարխիկ կառուցվածքի վերացման և քաղաքականության ու տնտեսության միաձուլման տարանջատման ուղղությամբ` ապահովելով մրցակցային տնտեսության համար անհրաժեշտ նվազագույն մեխանիզմներ: Ապահովել շահերի բախման դեմ պայքարի գործունակ մեխանիզմներ պետական կառավարման բոլոր օղակներում և հատկապես հրատապ կերպով` կառավարման վերին օղակներում:
3. Անհապաղ միջոցներ ձեռնարկել հեռարձակող լրատվամիջոցների նկատմամբ վերահսկողությունը հանելու ուղղությամբ. ապահովել բազմազանություն լրատվամիջոցների շուկայում` ապահովելով հեռարձակման լիցենզիաների տրամադրման մրցույթների թափանցիկությունը. բարելավել հեռարձակման ոլորտի օրենսդրական դաշտը` ապահովելով կարգավորող մարմինների անկախությունը. ԶԼՄ հանրությանը և քաղաքացիական հասարակությանը մասնակից դարձնել օրենսդրական բարեփոխումների և քաղաքականության ձևավորման գործընթացին` կապված անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցում կատարելու հետ:
4. Ապահովել դատական համակարգի իրական անկախությունը` փոփոխություններ կատարելով դատավորների նշանակման, կառավարման հարցերում, մեծացնելով դատական գործընթացների թափանցիկությունը և անկողմնակալությունը և դատավորներին պատասխանատվության ենթարկելով ապօրինի և մասնագիտական էթիկայի նորմերից չբխող գործողությունների համար:
5. Վերջ տալ ոստիկանության բիրտ գործողությունների և ոստիկանության նախնական պահման վայրերում խոշտանգումների ենթարկելու հետ կապված անպատժելիության մթնոլորտին` հետաքննելով ոստիկանական բռնությունների փաստերը և ոստիկանության նախնական պահման վայրերը հասանելի դարձնելով հասարակական մոնիթորինգի համար:
6. Ապահովել մրցակցային քաղաքական գործընթաց նախքան 2012թ. խորհրդարական ընտրությունները` կանխելով վարչական, լրատվական ու կադրային ռեսուրսների չարաշահումը, բացառել ահաբեկումն ու այլ խախտումները նախընտրական քարոզչության, քվեարկության ու քվեների հաշվման ընթացքում:

Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ - Հայաստան
Երևանի մամուլի ակումբ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Հայաստանի հելսինկյան կոմիտե
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա յի Վանաձորի գրասենյակ