Հասարակական գործիչների և կազմակերպությունների մի խումբ, այդ թվում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, պատմական գնահատելով 2018թ. ընթացքում մեր երկրի կյանքում տեղի ունեցած արմատական փոփոխություններն ու շրջադարձային զարգացումները, համարելով, որ ժողովրդի կամքով ձևավորված Ազգային ժողովը և ձևավորվելիք նոր կառավարությունը երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու մարտահրավերների առաջ են կանգնած, անցած երկու ամսում ի մի բերելով անցած տարիների աշխատանքը, հետազոտությունները, վերլուծությունները, բացահայտումներն ու առաջարկությունները, վերամշակել և ձևակերպել է մի շարք ոլորտներում, ներառյալ` արդարադատության վերականգնման,

  • անցումային արդարադատության գործարկման,
  • կոռուպցիայի դեմ պայքարի,
  • դատական իշխանության ձևավորման,
  • կրթության լայնածավալ բարեփոխումների,
  • մարդու իրավունքների պաշտպանության,
  • տարածքային համաչափ զարգացման,
  • ընտրական օրենսգրքի նորոգման,
  • իշխանության ճյուղերի իրական տարանջատման խնդիրների և լուծումների սեփական ընկալումները որպես ՀՀ վերականգնման հայեցակարգ` ճանապարհային քարտեզ:

Նոր Հայաստանի բարեհաջող զարգացման համար վերոհիշյալ խնդիրների կարգավորման և առաջնահերթությունների լուծման բանաձևը հանրություն-իշխանություն աշխատանքային կապի ամրապնդման և զարգացման մեջ դիտարկելով, խումբը հարկ է համարում այդ խնդիրների լուծման եռակողմ մասնակցային ձևաչափ առաջարկել իշխանություններին: Մասնավորապես, առաջարկվում է ձևավորել հանձնախմբեր (աշխատանքային խումբ, հանձնաժողով կամ այլ մարմին), որոնք բաղկացած կլինեն 3 կողմերի պատվիրակներից`
1) ՀՀ օրենսդիր մարմին (խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ),
2) գործադիր մարմին և
3)քաղաքացիական հասարակություն:

Բարեփոխումների վրա ազդեցությամբ և հրատապությամբ առաջնահերթություն է համարվում նախ 3 ոլորտային աշխատանքային խմբերի ձևավորումը.
1. Արդարադություն/անցումային արդարադատություն
2. Կոռուպցիայի հաղթահարման/կոռուպցիայի դեմ պայքարի
3. Կրթության բարեփոխում, հասանելիություն և որակ:

Սույն փաստաթուղթը մշակած խումբը Հայեցակարգում ներկայացված մարտահրավերները համարում է հրատապ և անհետաձգելի լուծումների առարկա, ըստ այդմ պատրաստակամ է իշխանությունների և շահագրգիռ այլ անձանց հետ օր առաջ քննարկել դրանք, և գտնել ամենաարդյունավետ լուծումները հանուն Հայաստանի Հանրապետության: Հայեցակարգը չի հավակնում անվիճելի կամ կատարյալ լինել, այն շոշափում է երկրի մի շարք, բայց ոչ բոլոր ոլորտների բարեփոխման ճանապարհներ, այստեղ բերված խնդիրների նկարագրերը և լուծման եղանակները կարող են փոփոխվել և վերանայվել ինչպես իրադարձություների և իրավիճակի փոփոխման, այնպես էլ հնարավոր շահագրգիռ քաղաքացիների, կողմերի, խմբերի և իշխանությունների հետ քննարկումների արդյունքում: Խումբը լայն հանրային իրազեկում Է իրականացնելու փաստաթղթին առնչվող զարգացումների մասին:

Հայեցակարգը հեղինակած խմբի անդամներն են` ըստ այբբենական հերթականության

Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Իրազեկ քաղաքացիների միավորում
Հայաստանի հելսինկյան կոմիտե
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Տես Հայաստանի Հանրապետության վերականգնմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգը (ճանապարհային քարտեզ)