Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը միացել է մի շարք ՀԿ-ների հայտարարությանը` իրենց բողոքն արտահայտելով Երևանի Ազատության հրապարակում ոստիկանության ձեռնարկած գործողությունների դեմ: «2010թ. մայիսի 31-ին իր մասնագիտական պարտականությունները կատարելիս բերման է ենթարկվել, ապա և ձերբակալվել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գևորգյանը: Վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հոդվածի 1-ին մասով: Թե ինչպես է 22-ամյա աղջիկը բռնություն գործադրել ոստիկանների նկատմամբ, անհայտ է մնում:

Նույն օրը ոստիկանները խոչընդոտել են նաև «Հայկական ժամանակի» մեկ այլ լրագրողի` Սյուզաննա Պողոսյանի և «Հայք» թերթի թղթակից Լիլիթ Թադևոսյանի մասնագիտական գործունեությունը: Նրանց նույնպես բերման են ենթարկել, ապա ժամեր անց ազատ արձակել:

Մենք` ներքոստորագրյալներս, հայտարարում ենք

- լրագրողների դեմ կիրառվող նման բռնի մեթոդները անընդունելի են ժողովրդավարական հասարակության համար:

Հիշեցնում ենք

- ըստ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի` «Լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ»,
- ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ` «Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը» հոդվածի 2-րդ մասը պատիժներ է նախատեսում պաշտոնատար անձանց կողմից նման արարքներ թույլ տալու համար:

Պահանջում ենք ՀՀ ոստիկանության ղեկավարությունից

- անհապաղ ազատ արձակել «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Անի Գևորգյանին,
- դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը և պատժել իրենց լիազորությունները գերազանցած ոստիկաններին»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Երևանի մամուլի ակումբ
ԶԼՄ-ների աջակցության «Ինտերնյուս» ՀԿ
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ - Հայաստան
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Գորիսի մամուլի ակումբ
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Հայաստանի հելսինկյան կոմիտե