Այսօր, դեկտեմբերի 9-ին, ողջ աշխարհում նշվում է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը: Այն առիթ է, որպեսզի փորձագետները և հակակոռուպցիոն ուղղվածության հասարակական կազմակերպությունները, պետական գործիչները և պաշտոնյաները, գործարար ոլորտի ներկայացուցիչները, ինչպես նաև հանրությունն ընդհանրապես, ի մի բերեն վերջին տարվա ձեռքբերումները և ձախողումները, և, վերլուծելով դրանք, նախանշեն ապագա անելիքները կոռուպցիայի նվազեցման և դրա հետևանքների չեզոքացման ուղղությամբ:

Ս.թ. դեկտեմբերի 3-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպության հրապարակած Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2014 թվականի արդյունքներից ակնհայտ է դառնում, որ կոռուպցիայի հետ կապված իրավիճակը ողջ աշխարհում էական փոփոխություն չի կրել: Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս երկրների մեծ մասում կոռուպցիան հանրային ոլորտում շարունակում է ընկալվել որպես լուրջ հիմնախնդիր[1]: Դժբախտաբար, Հայաստանը դեռևս այս երկրների շարքում է[2]: Հայաստանի ԿԸՀ արժեքն այս տարի 37 էր՝ նախորդ տարվա 36-ի փոխարեն, և, հաշվի առնելով վիճակագրական անճշտության չափը, կարելի է ասել, որ էական փոփոխություն չի արձանագրվել: Չի փոխվել նաև Հայաստանի դիրքը ԿԸՀ դասակարգման աղյուսակում: Եթե անցյալ տարի Հայաստանը 177 երկրների շարքում կիսում էր 94-ից 101-րդ, ապա այս տարի այն 175 երկրների շարքում կիսում է 94-ից 99-րդ տեղերը:

Թվում է, թե Հայաստանում լճացման այս վիճակը լավատեսության որևէ հիմք չի տալիս, առավել ևս, որ մի շարք էական և խորքային պատճառները, որոնցով պայմանավորված է կոռուպցիայի այսպիսի վտանգավոր մակարդակը և որոնց մասին ԹԻՀԿ-ը բազմիցս հրապարակային կերպով նշել է, վերացված չեն: Դրանք են՝ քաղաքական և տնտեսական վերնախավերի սերտաճումը, տնտեսության և քաղաքականության մեջ մոնոպոլիզացիայի բարձր աստիճանը, դատական համակարգի անկախության բացակայությունը, ինչպես նաև հանրության շրջանում վստահության աղետալի ցածր և կոռուպցիայի նկատմամբ հանդուրժողականության բարձր մակարդակը[3]: Կոռուպցիայի դեմ պայքարում լավատեսության հիմք չի տալիս նաև Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրությունը: Համաձայն ԿԸՀ 2014 թվականի (ինչպես և նախորդ տարիների) տվյալների` Եվրասիական տնտեսական միության մյուս երեք անդամ երկրները՝ Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսն ավելի կոռումպացված են, քան Հայաստանը, և միամիտ է կարծել, թե հայտնվելով այդ շրջապատում, Հայաստանը կդառնա ավելի քիչ կոռումպացված, քան այժմ է:

Սակայն, որքան էլ պարադոքսալ հնչի, կոռուպցիայի ներկա իրավիճակը Հայաստանում անդառնալի չէ: Վերջին ժամանակաշրջանի տնտեսական վիճակի վատթարացումը, մեծ չափերի հասած արտագաղթը և դրամի սրընթաց արժեզրկումը ոչ թե գործող համակարգի «առանձին թերություններն» են, այլ, ավելի շուտ, դրա անգործունակության դրսևորումները: Գործող համակարգի ինստիտուցիոնալ «հենասյուներից» են սեփականության չպաշտպանվածությունը, մոնոպոլիզմը՝ և՛ տնտեսական, և՛ քաղաքական ոլորտներում, թույլ դատական համակարգը և պետական կառավարման նորմի վերածված կոռուպցիան: Այս պայմաններում գտնվող ցանկացած երկիր արագորեն հայտնվում է պետականության կորստի և գործող համակարգի ապամոնտաժման երկընտրանքի առաջ: Պետականության կորստից խուսափելու և երկրորդ ուղին ընտրելու դեպքում, ի թիվս այլ բարեփոխումների, արմատական քայլեր պետք է ձեռնարկել նաև կոռուպցիայի էական կրճատման ուղղությամբ: Առաջին՝ կարևորագույն քայլերը պետք է լինեն քաղաքականության և բիզնեսի սերտաճման հաղթահարումը, տնտեսական և քաղաքական ոլորտներում մենաշնորհների վերացումը, իրապես անկախ դատական համակարգի կայացումը և պետական հաստատությունների նկատմամբ վստահության վերականգնումը:

[1] ԿԸՀ-ն արտացոլում է հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալումը և առաջին անգամ հրապարակվել է 1995 թվականին: Կոռուպցիան որևէ երկրի հանրային ոլորտում համարվում է լուրջ հիմնախնդիր, եթե այդ երկրի ԿԸՀ արժեքը 0-100 սանդղակով 50-ից պակաս է (0-ն նշանակում է, որ հանրային ոլորտը տվյալ երկրում ընկալվում է որպես բացարձակապես կոռումպացված, իսկ 100-ը` որպես բացարձակապես մաքուր): Տե՛ս http://www.transparency.org/cpi2014 և http://transparency.am/hy/cpi:

[2] Հայաստանը, սկսած 1999 թվականից, բացառությամբ 2001 և 2002-ի, շարունակաբար ընդգրկվում է ԿԸՀ դասակարգման աղյուսակում:

[3] Զարգացման և վերակառուցման եվրոպական բանկի կողմից նախկին կոմունիստական 29 երկրներում և Թուրքիայիում 2010թ. անցկացված «Կյանքն անցումային շրջանում» հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հասարակության ներսում վստահության մակարդակով Հայաստանը գտնվում է վերջին տեղում` զգալիորեն զիջելով մյուս երկրներին: Վստահության համաթվի Հայաստանի արժեքը 8 է, մինչդեռ համաթվի միջին արժեքը հարցման մասնակից 30 երկրների համար հավասար է 42-ի: Հարկ է նշել, որ 2006թ. անցկացված նույն հարցման ժամանակ Հայաստանի վստահության համաթիվը 20 էր. տե’ս http://microdata.worldbank.org/index.php/catalog/1533: