Բրյուսել, 6 մայիսի, 2010թ. Համաձայն Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) համաշխարհային հակակոռուպցիոն կազմակերպության կողմից այսօր հրապարակված գնահատման երեք նոր զեկույցների` Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը պետք է ընդունեն կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ավելի խիստ օրենքներ և հիմնովին իրականացնեն դրանք` նշված հիմնախնդրի առումով առաջընթաց ապահովելու նպատակով:

ԹԻ մասնաճյուղերի կողմից կազմված զեկույցներում հատուկ ուշադրություն է դարձվել այդ երկրներից յուրաքանչյուրում դատական իշխանության և հանրային ոլորտի բարեփոխումների վրա: Նրանցում նաև գնահատվել է, թե յուրաքանչյուր երկիր որքանով է համապատասխանում միջազգային հակակոռուպցիոն կոնվենցիաներին և որքանով է իրականացնում Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն միջոցառումները մոնիտորինգի ենթարկող մարմնի` Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի (ԳՐԵԿՈ-ի) հանձնարարականները:

Երեք երկրների առումով ԹԻ զեկույցները հրապարակվում են Եվրահանձնաժողովի միջոցառումների ծրագրի կատարման` մայիսի 11-ին նշանակված տարեկան հաշվետվությունների ներկայացումից առաջ:

«Եվրոպական հարևանության քաղաքականությունը կոռուպցիայի դեմ պայքարի ուղենիշներ է տրամադրում, սակայն որպեսզի երկրները երաշխավորեն, որ արդարացնում են իրենց ստանձնած պարտավորությունների կատարումը, պահանջվում է քաղաքացիական հասարակության անկախ մոնիտորինգ», - ասել է ԹԻ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Միկլոշ Մարշալը: «Սույն զեկույցներն ու ապագա հաշվետվությունները կապահովեն ընթացիկ վերահսկողություն, որը հաշվետու կպահի կառավարություններին և կօգնի դյուրացնել քաղաքացիների վրա ընկած կոռուպցիայի բեռը»:

Եվրոպական հարևանության քաղաքականություն. հակակոռուպցիոն մոնիտորինգի յուրաքանչյուր զեկույց գնահատում է, թե արդյոք երկրները կատարում են այն հանձնառությունները, որ ստանձնել են որպես Եվրամիության Եվրոպական հարևանության քաղաքականության մաս ստորագրած` իրենց 2006թ. միջոցառումների ծրագրում: Ծրագիրը նախագծված է` ամրապնդելու ընդհանուր արժեքների, այդ թվում` արդյունավետ կառավարման և կայուն պրակտիկայի, պարտավորությունը` երաշխավորելով օրենքի իշխանությունը Եվրամիության և նրա ցամաքային և ծովային հարևան երկրների միջև:

ԹԻ զեկույցները ներկայացնում են Եվրոպական հարևանության քաղաքականության ոլորտում հակակոռուպցիոն քաղաքականության և պրակտիկայի առաջընթացի գնահատման ծանրակշիռ` ցուցիչների վրա հիմնված համակարգ: ԹԻ-ի մոտեցումը, որն ավելի մանրամասն է ու քննադատական, քան Եվրահանձնաժողովի սեփական վերահսկման մեխանիզմը, կարևորում է անկախ ներդրման դերը կառավարության` ավելի թափանցիկությանն ու հաշվետվողականությանն ուղղված երկարատև գործընթացում:
Զեկույցներում առաջ քաշված դիտողություններն ու առաջարկությունները ներառում են.

Հայաստան. Չնայած, ընդհանուր առմամբ, Հայաստանն առաջխաղացում է արձանագրել ավելի արդյունավետ կառավարման չափանիշների ուղղությամբ, դատական համակարգում թափանցիկությունն ու անկախությունը սահմանափակ են: Այդ ոլորտն ընկալվում է որպես երկրում ամենակոռումպացվածը: Քաղաքացիական ծառայության բարեփոխումների առումով ևս առկա է առաջընթաց, սակայն նկատվում է թափանցիկության, հաշվետվողականության և օրինավորության պակաս: Հայաստանում նաև ձախողվել է ԳՐԵԿՈ-ի հանձնարարականների լիակատար իրականացումը:

Ադրբեջան. Զեկույցում նշված է, որ, չնայած թե դատական համակարգում, և թե հանրային ոլորտում լավ մշակված օրենսդրությանը, օրենքները չեն իրականացվում: Նույն վիճակն է տիրում երկրի հակակոռուպցիոն օրնսդրությունում` օրենքները համապատասխանում են միջազգային չափանիշներին, սակայն հարկ է, որ դրանք կիրառվեն: Ադրբեջանը առաջընթաց է արձանագրել ԳՐԵԿՈ-ի հանձնարարականները իրականացնելու գործում հիմնականում օրենսդրական նախաձեռնությունների, տարբեր գործակալությունների միջև համագործակցության ամրապնդման և ուսուցման ծրագրերի ներմուծման ուղղությամբ:

Վրաստան. Զեկույցը նշանակալի առաջընթաց է արձանագրել բարեփոխումների ուղղությամբ օրենսդրության մեջ, մասնավորապես, ԳՐԵԿՈ-ի հանձնարարականների համապատասխանեցման և դատական վերակազմակերպման առումով, սակայն ենթադրում է ավելի մեծ անկախության անհրաժեշտություն դատական համակարգում, որն ակնհայտորեն կրում է կառավարության ազդեցությունը: Հանրային հատվածի հակակոռուպցիոն բարեփոխումները տարբերվում են գերատեսչությունից գերատեսչություն, ազդանշելով, որ կա համախմբող, ազգային բարեփոխման ռազմավարության անհրաժեշտությունը:

###

Թրանսփարենսի Ինթերնեշնլ-ը կոռուպցիայի դեմ պայքարող առաջատար քաղաքացիական հասարակության կազմակերպություն է:

Ծանոթություն. Եվրամիության հարևանության քաղաքականությունը (ԵՀՔ) կազմավորվել է 2004թ. և այժմ ներառում է Եվրամիությունը շրջապատող 16 երկիր, որից 13-ը իրականացնում է միջոցառումների ծրագիր: (Ռուսաստանը ԵՀՔ մաս չի կազմում, այն ԵՄ-ի հետ ռազմավարական գործընկերության մեջ է: ) ԳՐԵԿՈ-ն հիմնադրվել է 1999-ին Եվրախորհրդի ենթակայությամբ, ներկայումս նրա կազմում են 46 եվրոպական անդամ երկրներ և Միացյալ Նահանգները:

Թի-ն կհրապարակի բոլոր երեք զեկույցները համապատասխան ազգային լեզուներով մինչև ս.թ. մայիսի վերջը: Անգլերենով տարբերակը կարելի է ներբեռնել www.transparency.org հասցեից:

Հարցազրույցները կարելի է կազմակերպել հայերենով, անգլերենով, վրացերենով, գերմաներենով և ռուսերենով:

Բրյուսել
Ադրիան Օպերլե
Հեռ. +32 485 327 642
Էլ. փոստ. [email protected]
Բեռլին
Դեբորա Ուիզե Ունգեր
Հեռ: +49 30 343820666
Էլ. փոստ. [email protected]