CivilNet-ի հետ զրույցում ուսանողներ Արեն Ղուլիջանյանը, Շուշան Հարությունյանը և Դավիթ Սիմոնյանը նշել են, որ դիտորդություն են իրականացնելու ս.թ. դեկտեմբերի 9-ի ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրություններում, որպեսզի, ինչպես իրենք են ասում, «ամրագրեն հեղափոխության հաղթանակը»։ Նրանք «Ականատես դիտորդական առաքելությունից են և «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամ:

Արենն ասում է, որ արդար ընտրությունների միջոցով է միայն հնարավոր ամրագրել հեղափոխության հաղթանակը: «Դրական տեղաշարժը չէր լինի, եթե ուսանողությունը չմոբիլիզացվեր ու ավագ սերնդին չստիպեր, որպեսզի իրենք էլ ինքնակազմակերպվեն: Ընտրական գործընթացի մասով դիտորդական առաքելությունները լուրջ ձեռքբերումներ մինչ դա էլ ունեին: Բայց, հեղափոխությունը օգնեց, որպեսզի ուսանողներն էլ դրան ավելի ակտիվ մասնակցություն ունենան»:

Շուշանն առաջին անգամ է լինելու դիտորդ: Թավշյա հեղափոխության ժամանակ, երբ ապրիլի 16-ին ձայնային նռնակներ են կիրառվել, առաջին նռնակը հենց իրենց վրա է ընկել, և ինքը երկու տեղից վիրավորվել է: «Երբ հեղափոխությունը պսակվեց հաղթանակով, որոշեցի գործը կիսատ չթողնել և այդ իսկ պատճառով հիմա մասնակցում եմ ընտրական գործընթացներին: Դիտորդը պետք է լինի չեզոք, ուշադիր հետևի ընտրական գործընթացներին, արձանագրի խախտումները, մաքսիմալն անի, որպեսզի ընտրությունները տեղի ունենան օրենքի սահմաններում»:

Դավիթը դիտորդ է եղել 2018թ. Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ: Նա դիտորդություն է իրականացրել նաև Վրաստանում: Դավիթը ցանկանում է իմ դերն ունենալ ընտրական գործընթացում: «Ուզում եմ մասը կազմել ազատ ու արդար ընտրությունների, որ մենք բոլորս ուզում ենք, որ լինի մեր երկրում»: