Գլխավոր էջ Նորություններ Հայտարարություն «կեղծ» դիտորդական առաքելությունների վերաբերյալ
Նորություններ
2018 Նոյ
26

Հայտարարություն «կեղծ» դիտորդական առաքելությունների վերաբերյալ

Ընտրությունների ընթացքում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից իրականացվող դիտորդական առաքելության նպատակն ընտրական գործընթացների վերաբերյալ հավաստի տեղեկությունների հավաքագրումն է և դրանց հիման վրա անկախ եզրակացության կազմումը: Չափազանց կարևոր է, որ դիտորդական առաքելությունը լինի չեզոք և անկողմնակալ, զերծ մնա ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության/դաշինքի կամ թեկնածուի օգտին քարոզչություն կամ հակաքարոզչություն կատարելուց և հանրությանը տրամադրի օբյեկտիվ տեղեկություններ ընտրությունների մասին:

Ընտրությունների անկողմնակալ և արդյունավետ դիտարկման համար լրջագույն վտանգ են ներկայացնում քաղաքականապես շահագրգիռ կամ, այսպես կոչված, «կեղծ» դիտորդական առաքելությունները, ինչպես տեղական, այնպես էլ՝ միջազգային: Որպես կանոն՝ այսպիսի խմբերը չունեն ընտրական գործընթացների դիտարկման մեթոդաբանություն, իսկ դրանց դիտորդների ներկայությունը տեղամասերում մեծ մասամբ կրում է ձևական բնույթ: Առկա են փաստեր, երբ այդ դիտորդները ընտրատեղամասերում ակտիվորեն ուղղորդել են ընտրողներին: Նման առաքելությունները սովորաբար չեն հրապարակում զեկույցներ և փաստական տվյալներ ընտրական գործընթացների և ընտրախախտումների վերաբերյալ, իսկ հայտարարությունները հիմնականում քաղաքական են և սպասարկում են փոխկապակցված քաղաքական ուժերի շահերը:

2018 թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների դիտարկման նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով 2018թ. նոյեմբերի 24-ի տվյալներով դիմում է ներկայացրել 8 կազմակերպություն, որոնցից միայն 4-ը՝ «Միացյալ առաջնորդների պալատ» ՀԿ-ն, «Համաչափ զարգացում» համայնքային զարգացման ՀԿ-ն, «Իրավազոր» ՀԿ-ն և «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» ՀԿ-ն նախատեսել են հավատարմագրել ավելի քան 5,000-ական՝ ընդամենը մոտ 21,600 դիտորդ: «Հետք»-ի հետաքննությունը պարզել է, որ բոլոր վերոնշյալ կազմակերպությունները փոխկապակցված են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Մասնավորապես, պարզվել է, որ

  • «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» ՀԿ-ն ղեկավարվել է Ազգային Ժողովի «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, ներկայում՝ ԲՀԿ թեկնածու Վահե Էնֆիաջյանի հետ: «Հետքի» ահազանգի հիման վրա այս ՀԿ-ի հավատարմագրման դիմումը մերժվել է ԿԸՀ կողմից, քանի որ պարզվել է, որ դրա գործունեությունը դադարեցված է եղել  դեռևս  մեկ տարի առաջ, իսկ ԿԸՀ ներկայացված են եղել կեղծ փաստաթղթեր:
  • «Հետք»-ի տվյալներով «Իրավազոր» իրավապաշտպան ՀԿ-ի հիմնադիր նախագահն է ԲՀԿ-ական մեկ այլ թեկնածու՝ Նոնա Վրեժի Օթարյանը: «Իրավազոր» ՀԿ-ի հայտը 2018թ. նոյեմբերի 26-ի դրությամբ հանվել է ԿԸՀ կայքում առկա դիտորդական կազմակերպությունների ցանկից:
  • «Միացյալ առաջնորդների պալատ» ՀԿ ղեկավար Լիաննա Մանուկյանը ՀՀ երիտասարդական խորհրդարանի ԲՀԿ խմբակցության քարտուղարն է: Ինչպես տվյալ ՀԿ-ի, այնպես էլ դրա ղեկավարի ֆեյսբուքյան էջերն ակտիվորեն լուսաբանում են ԲՀԿ գործունեությունը:
  • «Համաչափ զարգացում» համայնքային զարգացման ՀԿ ղեկավար Մակար Եղիազարյանն ըստ ֆեյսբուքյան նյութերի ևս կապեր ունի ԲՀԿ-ի հետ, սակայն նրա և կազմակերպության կողմից տվյալ կուսակցության օգտին ակտիվ քարոզչություն չի նկատվել:  

Հարկ է հիշել, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն` … 2. Հայաստանի Հանրապետության այն հասարակական կազմակերպությունները, … որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին»:

Ի լրումն վերոնշյալի, «Ականատեսի»  ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ կազմակերպությունները չունեն պատշաճ գործող ինտերնետային կայքեր, ուստի դժվար է ստանալ բավարար տեղեկություններ դրանց՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում ծավալած գործունեության, ինչպես նաև նախկին ընտրությունների ժամանակ իրականացրած դիտորդական առաքելությունների վերաբերյալ: Փոխարենը, սակայն պարզվել է, որ այս կազմակերպություններից յուրաքանչյուրում առնվազն հիսուն դիտորդի անուն համընկնում է մյուս երեք կազմակերպությունների ցուցակներով ներկայացված դիտորդների անունների հետ: Ընդ որում, ըստ «Ականատեսի» ստուգումների՝ ցուցակներում ներառված դիտորդներից 20-ը տեղյակ չեն եղել, թե ինչպես են իրենց անունները հայտնվել այդ ցուցակներում, ինչը վկայում է, որ վերոնշյալ կազմակերպությունների ուռճացված ցուցակների առնվազն մի մասը կազմվել է առանց դրանցում ընդգրկված մարդկանց գիտության:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ մեր մտահոգությունն ենք հայտնում գալիք ԱԺ ընտրություններում քաղաքականապես կողմնակալ դիտորդական առաքելությունների ներգրավման, դրանց հնարավոր գնահատականների և, առհասարակ, դիտորդական ինստիտուտի չարաշահման ու վարկաբեկման առնչությամբ:

Կոչ ենք անում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին ստուգել դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հայտ ներկայացրած կազմակերպությունների կողմից իրականացվող քարոզչությունը և անվավեր ճանաչել ընտրություններին մասնակցող կուսակցությունների օգտին քարոզչություն իրականացնող հասարակական կազմակերպությունների հավատարմագրման վերաբերյալ ակտերը: Առաջարկում ենք հանձնաժողովին նաև ստուգել դիտորդական կազմակերպությունների ներկայացրած  ցուցակները՝ անունների հնարավոր համընկնումները բացահայտելու նպատակով:

Հորդորում ենք կուսակցություններին ձեռնպահ մնալ «կեղծ» դիտորդական առաքելություններ ներգրավելուց և ընտրական գործընթացների պատշաճ ընթացքի վրա ներգործելու փորձերից, ինչը կարող է հարցականի տակ դնել նրանց օրինավորությունը՝ որպես հանրության շահերը ներկայացնող քաղաքական ուժերի:

----------------------------------------------------------------------------------------------------------------

Սույն առաքելությունը հնարավոր է դարձել Եվրոպական Միության, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի, Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության, Ազգային ժողովրդավարական ինստիտուտի և Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ֆինանսական աջակցությամբ:

Հրապարակման բովանդակության համար պատասխանատու է «Ականատես» նախաձեռնությունը, և իր անդամ կազմակերպությունները, և այն չի արտացոլում դրամաշնորհատուների պաշտոնական տեսակետները: