Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի և հանրային գնումների գծով փորձագետ Արտակ Մանուկյանի հեղինակած «Գնումների ուղեցույց գործարարների համար» և «Հայաստանի հանրապետության պետական գնումների համակարգի 2008-2009 թվականների գործունեության մոնիտորինգ» հրապարակումները լույս են ընծայվել Երևանի ավագանու ընտրությունների և հանրային գնումների մոնիտորինգ Հայաստանում ծրագրի շրջանակում` Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի աջակցությամբ:

«Գնումների ուղեցույց գործարարների համար» ձեռնարկը նախատեսված է` օժանդակելու ձեռնարկատերերի մոտ պետական գնումների մասին իրավագիտակցության աստիճանի բարձրացմանը: Նրանում փորձ է արված քարտեզագրելու մեկ փուլով գնման բաց մրցույթի գործընթացը. գնում կատարելու այդ ձևն ընտրվել է այն պատճառով, որ տնտեսվարող սուբյեկտները մեծամասամբ գնումներ կատարում են նման ձևով: Ներկայացված է գործընթացի մանրամասն սխեմատիկ պատկերը, որն իր մեջ ներառում է նաև պատվիրատուի` «Գնումների մասին» ՀՀ օրենքից բխող գործառույթները, և տրված են նաև պարզաբանումներ պատկերված գործընթացի բոլոր քայլերի վերաբերյալ: Ձեռնարկի երկրորդ մասում հարց ու պատասխանի ձևաչափով ներկայացված են գնումների ոլորտի վերաբերյալ բազմաթիվ հիմնահարցեր և դրանց պարզաբանումները:

«Հայաստանի հանրապետության պետական գնումների համակարգի 2008-2009 թվականների գործունեության մոնիտորինգ» հրապարակումը ամփոփում է և վերլուծում 2008թ. ապրիլից մինչև 2010թ. փետրվարն իրականացված` ՀՀ հանրային գնումների մոնիտորինգային հետազոտության արդյունքները: Ծրագրի շրջանակներում փորձ է կատարվել ուսումնասիրելու հանրային գնումների գործընթացի իրականացումը ՀՀ-ում, մասնավորապես, գնումների մասին օրենսդրության և իրավակիրարկման պրակտիկայի համադրման միջոցով վեր հանելու համակարգի հնարավոր կոռուպցիոն ռիսկերը և թերություները, առաջարկելու քայլեր և մեխանիզմներ հանրային գնումների համակարգում առկա ռիսկերի նվազեցման ու գնումների համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ: