Ս.թ. մարտի 26-ից 28-ը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը մասնակցել է Բրյուսելյան 5-րդ ֆորումին` հյուսիսատլանտյան և եվրոպական ամենաազդեցիկ քաղաքական և ինտելեկտուալ առաջնորդների ու ընկերությունների ղեկավարների ամենամյա բարձր մակարդակի հանդիպմանը, որն անդրադարձել է Եվրոպայի և Ամերիկայի առջև ծառացած հրատապ մարտահրավերներին: Միջոցառումը ձեռնամուխ է եղել համաշխարհային փոփոխվող իրողություններին համահունչ և նոր սպառնալիքներին դիմակայելու ունակ տրանսատլանտյան նոր օրակարգի մշակմանը:

Բրյուսելյան ֆորումի օրակարգում ընդգրկված քննարկումները ծավալվել են համապարփակ թեմաների շուրջ` համաշխարհային ֆինանսական ճգնաժամից մինչև կլիմայի փոփոխություն: Բելգիայի վարչապետի բացման խոսքից հետո ծրագրային զեկուցմամբ հանդես է եկել Եվրահանձնաժողովի նախագահ Խոսե Մանուել Բարոսոն: Ի թիվս այլ հարցերի, բանախոսներն անդրադարձել են տրանսատլանտյան հարաբերություններին բազմաբևեռ աշխարհում, ուժեղ, կայուն և հավասարակշռված աճին ուղղված ջանքերին, անվտանգության ճարտարապետության կառուցմանը Եվրոպայում, ՆԱՏՕ-ի ապագային անկանխատեսելի և գլոբալացվող աշխարհում, համաշխարհային տնտեսական կառավարմանը:

Միջոցառման կազմակերպիչը Մարշալի գերմանական հիմնադրամի ծրագիրն է:

Ամբողջական տեղեկության համար տես Բրյուսելյան ֆորում 2010-ը անգլերեն լեզվով