Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավաբան-փորձագետ Խաչիկ Հարությունյանը ս.թ. մարտի 30-ին մասնակցել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերությամբ հեռարձակված «Մամուլի ակումբ» հաղորդմանը: Վերջերս Ռումինիա այցելած պատվիրակության երկու այլ անդամների հետ հաղորդման հյուրերն արծարծել են շահերի բախման խնդիրները, ռումինական փորձը և պատասխանել են հաղորդաշարը վարող Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հարցերին: Հաղորդման մյուս հյուրերն էին ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Տիգրան Երանոսյանը և «Հետք» շաբաթաթերթի հետաքննող լրագրող Գրիշա Բալասանյանը:

Բանախոսները տվել են շահերի բախման սահմանումը, դրա պատճառներն ու դրսևորումները: Նրանք քննարկել են շահերի բախման ու անհամատեղելիության խնդիրները Հայաստանում միջազգային փորձի հետ համեմատելով, իրավական կարգավորման շրջանակը և գործնական կիրառությունը, հայկական ավանդույթները, հանրային ընկալումը, հանրային վերահսկողության մեխանիզմները և ներկա իրավիճակի բարելավումը: Հաղորդման հյուրերն անդրադարձել են նաև Ռումինիա կատարած ուսուցողական այցից քաղած հիմնական դասերին, որ կբերեն բարեփոխման Հայաստանում, դրանց հնարավորություններին և խոչընդոտներին: