«Մարդու իրավունքների զեկույց 2009թ. Հայաստան». բավարար միջոցներ չեն ձեռնարկվել համակարգային կոռուպցիայի կանխման ուղղությամբ
Մարդու իրավունքների վերաբերյալ 2009թ. ԱՄՆ Պետդեպարտամենտի` ս.թ. մարտի 11-ին հրապարակված` Հայաստանին վերաբերող զեկույցը, ի թիվս բազմաթիվ այլ ոլորտների, անդրադառնում է նաև կոռուպցիային: Ըստ զեկույցի, ՀՀ իշխանությունները շոշափելի միջոցներ չեն ձեռնարկել համակարգային կոռուպցիան կրճատելու ուղղությամբ, չնայած ստորին և միջին օղակի պաշտոնյաների նկատմամբ մանր կոռուպցիոն դրսևորումների հարցով պարբերաբար իրականացվել են հետապնդումներ: Կոռուպցիան խիստ խնդրահարույց է որոշակի ոլորտներում, այն է` ոստիկանություն, անվտանգության ուժեր, զինված ուժեր, բանտեր և այլն: Դատարանները շարունակում են կանոնավոր կերպով ենթարկվել գործադիր իշխանության քաղաքական ճնշումներին, միաժամանակ լուրջ խնդիր է դատական կոռուպցիան:
Կոռուպցիայի դեմ պայքարող քաղաքացիական խմբերն, ըստ զեկույցի, նշել են, որ իշխանությունները շարունակ անտեսել են լրատվամիջոցներով պետական պաշտոնյաների կոռուպցիոն գործելաոճը մատնանշող հաղորդումները: Ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպության «Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր. 2009» հարցման, որն անցկացվել է 2008թ. հոկտեմբերից 2009թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում, երկրում հարցվածների 43 տոկոսը հայտնել է, որ 2008թ. ընթացքում կաշառք է տվել: Հարցվողները նշել են, որ ամենաշատ կաշառք պահանջող հաստատությունը ոստիկանությունն է:
Զեկույցում նշված է, որ հանրային պաշտոնյաների, նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև տարեկան 8 միլիոն ՀՀ դրամը (մոտ 21 000 ԱՄՆ դոլար) գերազանցող եկամուտ ունեցող քաղաքացիների համար սահմանված է եկամուտների հայտարարագրման օրենսդրական պահանջ: Սակայն, պատկան մարմինները բավարար կամք ու տեխնիկական հզորություն չունեին հայտարարագրերում ներկայացված` հասարակության համար լիովին անհասանելի տվյալների ճշգրտությունը ստուգելու համար ու ի վիճակի չէին միջոցներ ձեռնարկելու այն անձանց դեմ, ովքեր թաքցնում էին իրենց իրական եկամուտները:
Տարվա ընթացքում վերահսկիչ պալատը հրապարակել է տարբեր պետական կառույցներում տեղ գտած կոպիտ խախտումների ու ֆինանսական չարաշահումների բազմաթիվ փաստեր: Սակայն, նախորդ տարիների նման, այս գործերով հազվադեպ են նախաձեռնվել քրեական հետապնդումներ: Զեկույցում նշված է. «Ըստ Թրանսփարենսի ինթերնեշնլ կազմակերպության տեղի գրասենյակի, նախարարներն ու մարզպետները, որ առնչություն ունեին արձանագրված չարաշահումների հետ, ուղղակի գումարի մի մասը վերադարձրել են բյուջե և շարունակել իրենց աշխատանքը` առանց իրավական պատասխանատվության ենթարկվելու»:
Ի թիվս այլոց, զեկույցում անդրադարձ է եղել նաև ընտրախախտումներին: Նրանում նշված են ընտրախախտումների բազմաթիվ դեպքեր, որոնք բացահայտվել են Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) դիտորդների կողմից: Համաձայն ԹԻՀԿ զեկույցի` մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքն և Շենգավիթ համայնքի մի մասը ներառող ընտրատարածքի 33 ընտրատեղամասերից 16-ում ԹԻՀԿ դիտորդները ենթարկվել են ահաբեկման և ճնշման, իսկ 4-ում նրանց փորձել են կաշառել: ԹԻՀԿ դիտորդները նաև նկատել են չարտոնված անձանց ներկայության (12 ընտրատեղամասերում), քվեաթերթիկների լցոնումների (13 ընտրատեղամասերում), և բաց, բազմակի, ուղղորդված կամ ուրիշի փոխարեն քվեարկության (17 ընտրատեղամասերում) դեպքեր:
Զեկույցի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել ԱՄՆ դեսպանության վեբ կայքը «Մարդու իրավունքների զեկույց 2009թ. Հայաստան»

