Ս.թ. մայիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի է ունեցել քննարկում «Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով: Քննարկման բանախոսներն էին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, «Եվրասիա համագործակցության հիմնադրամի» տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոանիսյանը:

Դիտարկմանը՝ քաղաքացիական հասարակության դերը գուցե նվազի, քանի որ ամբողջ հասարակությունը մի մեծ քաղաքացիական հասարակության է վերածվել, Սոնա Այվազյանն արձագանքել է. «Մի քանի օրվա, շաբաթվա մեջ արվեց այն, ինչ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները տարիների ընթացքում անում էին մտածելակերպ, վարքագիծ փոխելու համար: Բայց դա դեռ չի նշանակում, թե ՀԿ-ների դերը պիտի նվազի: Ընդհակառակը, կարևորվում է քաղաքացիների հետ աշխատելու ՀԿ-ների դերակատարումը` նրանց կարծիքները, գործողությունները ճիշտ ուղղորդելու, գործիքներ ցույց տալու, որոշումների ընդունման գործընթացներին ավելի արդյունավետ մասնակցել սովորեցնելու և իշխանությունների գործողություններն ավելի լավ վերահսկելու առումով: Քաղաքացիները պետք է հասկանան, որ այս հեղափոխության ձևաչափով մեզ տրվել է բացառիկ հնարավորություն` մասնակցել իրենց վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացներին: Միայն դա կարող է երաշխավորել, որ Հայաստանն ապագայում կլինի ժողովրդավարական երկիր:

Ըստ Այվազյանի` ՀԿ-ների առաքելությունը հասարակության և կառավարության միջև կապ ստեղծելն է, ինչ որ գաղափարների շուրջ միավորվելով, նպատակներ իրականացնելով, օգնելու կառավարությանն ավելի լավը դարձնելու երկիրը: ՀԿ-ները Հայաստանում ակամայից հայտնվել էին ընդդիմադիր դաշտում, երբ ի թիվս այլ խնդիրների, իշխանությունների պայքարը կոռուպցիայի դեմ զուտ իմիտացիոն բնույթ էր կրում: ԹԻՀԿ անդամները 15 տարի շարունակ ասում էին, որ չկա քաղաքական կամք: «Այսօր մենք արդեն տեսնում ենք, որ կա քաղաքական կամք, և դա մեծ հնարավորություններ է բացում ՀԿ-ների և քաղաքացիների համար», - նշել է Այվազյանը:

Սոնա Այվազյանի կարծիքով` իշխանությունները և վարչապետն ինքը հայտարարել են, որ կոռուպցիայի դեմ պայքար է լինելու, և այն կառույցները, որոնք որ գործում են այդ ուղղությամբ, առնվազն ԱԱԾ-ն, վարչապետի վերահսկողական ծառայությունը, ոստիկանությունը արդեն իսկ գործողություններ են ձեռնարկում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ: Բավականին շատ նյութ կա իրենց համար` սկսած «Հետքի»` տարիներ շարունակ արված հրապարակումներից, վերջացրած ԹԻՀԿ և այլ կազմակերպությունների կողմից ներկայացված նյութերով: Իշխանությունը պետք է առաջնահերթություններ ձևակերպի և թիրախավորի որոշ կառույցներ` մասնավորապես Երևանի քաղաքապետարանը, ՏՄՊՀ-ը, որտեղ որ արժե սկսել վերահսկողական կամ ստուգումների գործընթացները:

Սոնա Այվազյանը նշել է, որ ԹԻՀԿ-ը ՀՀ կառավարությանն առաջարկել է կոռուպցիոն գործերով իրավապահ գործառույթի ամրապնդմանն ուղղված քայլեր ձեռնարկել: Այսօր այդ գործընթացի տարբեր մասեր իրականացնում են տարբեր մարմիններ, սակայն ոչ մեկը լիարժեքորեն պրոֆեսիոնալ չի կատարում այդ գործառույթը: Անհրաժեշտ է այդ ամենը կենտրոնացնել մեկ իրավապահ մարմնի մեջ: Խոսքը ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարի միասնական մարմնի մասին է, այլ` մեկ իրավապահ կառույցի, օրինակ ՀՔԾ-ի, որ մասնագիտանա և կարողանա նախաքննություն, օպերատիվ հետախուզական ծառայություն իրականացնել: ԹԻՀԿ-ն այլ առաջարկություններ ևս ներկայացրել է կառավարման համակարգում թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմներ ամրապնդելու կամ ներմուծելու նպատակով:

Տեսագրությունը և լուսանկարը` Մեդիա կենտրոնի