Թավշյա հեղափոխության հաղթանակից հետո ո՞ւր տեղափոխվեցին հանրային պահանջն ու սպասելիքները: Ինչպե՞ս են կառավարվում հետհեղափոխական կրքերը: Ինչպե՞ս է փորձում հանրությունը հաղթահարել հեղափոխության հուզական շոկը: Շողակաթ հեռուստաընկերության «Երրորդ հազարամյակ» հաղորդաշարում այս և այլ հարցերի շուրջ զրուցել են ԹԻՀԿ ջատագովության և հաղորդակցության համակարգող Հայկակ Արշամյանը և ազգագրագետ Սաթենիկ Մկրտչյանը։

Ըստ Հայկակ Արշամյանի` սա սուպերմասնակցային հեղափոխություն էր` յուրաքանչյուրի արածի կարևորմամբ: Երբ մարդիկ հասկացան, որ հույս կա և կարող են իրենց մասնակցայնությամբ փոփոխություն բերել, բոլորը ներգրավվեցին: Մարդիկ սկսեցին ավելի շատ պահանջել նոր կառավարությունից, քան նախորդ վարչակարգից: Երբ հանրությունը տարբեր պահանջներ է ներկայացնում, զսպողի և նաև խթանողի մեխանիզմ է ստեղծում կառավարության համար` ստիպելով, որ նոր կառավարությունն ավելի լավ աշխատի և տարբեր տեղերում շատ արագ փոփոխություններ անելու իրենց հույսերն արդարացնի: Մարդիկ սպասում են էֆեկտիվ փոփոխությունների`վատնված միջոցների վերադարձման, պետությունը զավթած վարչակարգի նկատմամբ լուրջ դատական պրոցեսների, հանքարդյունաբեության ոլորտում լուրջ փոփոխությունների, քաղբանտարկյալների ազատ արձակմանը: Այսօրվա կառավարությունը դա գիտակցում է և ձեռնարկում է այն քայլերը, ինչին հասարակությունը սպասում է: