«Մեդիալաբ»-ի հետ զրույցում ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը նշել է, որ նոր կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարում պետք է հստակ քայլեր ձեռնարկի, որոնք կվկայեն իր քաղաքական կամքի առկայության մասին, ցույց տալով իր հայտարարությունների անկեղծությունը և այդ ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը, բայց զանգվածային ձերբակալություններ պե՞տք է լինեն, թե՞ ոչ՝ այս հարցը պետք է քննարկել:

Ըստ Այվազյանի` կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավված անձինք համապատասխան պատասխանատվություն պետք է կրեն: Քանի որ Հայաստանի բնակչության բավական ստվար հատված է ներգրավված եղել կոռուպցիոն սխեմաների մեջ, դժվար է այնպիսի մոտեցում որդեգրել, որ ով ներգրավված լինի՝ պատասխանատվության ենթարկվի: Այս պահին, նաև հաշվի առնելով հանդուրժողականության ու համերաշխության կոչերը, համատարած ձերբակալություններն արդյունավետ մոտեցում չեն լինի: Բայց պետք է որոշել այն օղակները, պատասխանատվության մակարդակները, թե ո՛ր պարագայում պետք է պատասխանատվություն կրել:

Հարցին՝ միայն գումարնե՞րը պետք է հետ բերվեն պետբյուջե, թե՞ նաև քրեական պատիժներ պետք է լինեն, Սոնա Այվազյանը պատասխանել է, որ այդ հարցով պետք է քննարկումներ ծավալել և քաղաքականություն որդեգրել, թե ի՛նչ մոտեցում կիրառվի: «Կարող են լինել տարբեր տարբերակներ: Մենք այնքան էլ կողմ չենք համատարած ձերբակալությունների տարբերակին, բայց եթե կան մարդիկ, ովքեր պետական գույք ու ֆինանսներ են յուրացրել, պետք է վերադարձնեն պետական բյուջե: Եվ նաև մոտեցումներ պետք է որդեգրվեն, թե արդյոք բոլո՞ր ներգրավվածները պետք է նույնկերպ պատասխանատվություն կրեն, թե՞ միայն բարձր օղակների պատասխանատու պաշտոնատար անձինք: Այդ հարցերը դեռ բաց են, բայց ամեն դեպքում ժամանակավոր կառավարությունից ակնկալվում է, որ պետք է շատ ակտիվ լծվեն այդ գործին»,- հավելել է Այվազյանը:

Տես հարցազրույցը «Մեդիալաբ»-ում