Հայաստանի քաղաքացիական հասարակության հրատապ դիմումը միջազգային հանրությանը
21 ապրիլի, 2018թ., ժամը 19:00 Երևան
ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին, Եվրահանձնաժողովին, ՀՀ-ում դիվանագիտական առաքելություններին
ՀՐԱՏԱՊ ԴԻՄՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Մենք` Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, կցանկանայինք ձեր ուշադրությունը հրավիրել Հայաստանի քաղաքական իրավիճակի վրա, որը հստակ առճակատում է առկա բռնակալական կոռումպացված վարչակարգի և ժողովրդավարության հույսի միջև:
Մինչև 2015թ. Հայաստանի Հանրապետությունն ուներ կիսանախագահական կառավարման համակարգ, որը նախատեսում է երկրի նախագահի ուղղակի ընտրություն` առավելագույնը պաշտոնավարման երկու ժամկետով: Պաշտոնավարման երկու ժամկետի ավարտից հետո իշխանությունը պահելու նպատակով նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություն իրականացրեց 2015 թ. դեկտեմբերին լայնածավալ կեղծիքներով իրականացված հանրաքվեի միջոցով:[1]
Նոր սահմանադրության համաձայն` Հայաստանի կառավարման համակարգը փոխվեց խորհրդարանականի: Դրանով ՀՀ Ազգային ժողովում հաստատվեց մեկ կուսակցության կայուն մեծամասնություն, վերացվեցին երկրի ղեկավարի ուղղակի ընտրությունները, և նվազեցվեցին նախագահի լիազորությունները` հիմնական իշխանությամբ օժտելով վարչապետին, որն ընտրվում է խորհրդարանական մեծամասնություն կողմից: Նոր սահմանադրությունն ակնհայտորեն միտված է ամրապնդելու Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գերիշխող դիրքը և Սարգսյանի պաշտոնավարման շարունակականությունը` իշխանությունը պահելով որպես «սուպերվարչապետ» թե՛ խորհրդարանի և թե՛ քաղաքացիների նկատմամբ ավելացված լիազորություններով և նվազեցված հաշվետվողականությամբ: 2017թ. ապրիլի խորհրդարանական ընտրությունների արդյունքում, որոնք աչքի ընկան համատարած ընտրակաշառքով և վերահսկվող քվեարկությամբ[2], ինչպես նաև ուժեղ ընդդիմության բացակայությամբ, ՀՀԿ-ն ստացավ խորհրդարանական մանդատների մեծամասնությունը ՀՀ Ազգային ժողովում և ուղի հարթեց, որ Սարգսյանը երրորդ անգամ պաշտոնավարի որպես պետության ղեկավար:
2018 թ. մարտի կեսից սկսած քաղաքացիական հասարակության խմբերը սկսեցին քարոզարշավ Սարգսյանի որպես վարչապետ հնարավոր առաջադրումն կանխելուն ուղղված, որպեսզի Հայաստանը չվերածվի ցմահ բռնապետության, ինչը նախկին խորհրդային երկրներին բնորոշ միտում է: Իրարից անկախ բողոքի ցույցեր սկսեցին անցկացվել տարբեր խմբերի, մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Մերժի’ր Սերժին» և «Հանուն Հայաստան պետության» ճակատ նախաձեռնությունների կողմից, որոնք բավականին արագ արժանացան հայ ժողովրդի լայն աջակցությանը: Նախագահ Սարգսյանի պաշտոնավարման տասնամյա ժամկետից դժգոհ լինելով` տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց: Սկսած ապրիլի 13-ից` մի քանի օր ու գիշեր շարունակ ցուցարարները պահում էին Երևանի կենտրոնում գտնվող Ֆրանսիայի հրապարակը և խաղաղ երթեր էին կազմակերպում փողոցներում, հրապարակներում և կամուրջներում` կաթվածահար անելով քաղաքի երթևեկությունը և ժամանակավորապես շրջափակելով կառավարական շենքերը` պատգամավորների վրա ազդելու և նրանց քվեարկությունը Սարգսյանի թեկնածության օգտին կանխելու համար:
Շրջապատված լինելով ոստիկանության ջոկատաշղթայով, ոստիկանության ծանր տեխնիկայով ու փշալարերով` Հայաստանի խորհրդարանն ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանին ընտրել է որպես նոր վարչապետ բաց քվեարկությամբ` ձայների պարզ մեծամասնությամբ: Տասնյակ հազարավոր քաղաքացիներ ցույցի էին դուրս եկել ոստիկանության ջոկատաշղթայի դիմաց: Ի պատասխան` ոստիկանությունը հավաքի մասնակիցների նկատմամբ հատուկ միջոցներ կիրառեց` նետելով լուսաձայնային նռնակներ: Դրա հետևանքով ընդհանուր առմամբ 46 հոգի վիրավորվեց: Առնվազն 60 ցուցարարներ հարձակման, ծեծի և բերման ենթարկվեցին, ոստիկանական բաժանմունքներ տարվեցին առավոտյան և պահվեցին այնտեղ մինչև Ազգային ժողովի նիստի ավարտը` այդ կերպ խախտելով հանրային հավաքների մասին օրենքը: Մատնանշում ենք, որ սա երրորդ անգամն է, որ Սերժ Սարգսյանը պետական բարձր պաշտոն է ստանձնում խաղաղ ցույցի նկատմամբ կիրառած խժդժության և ոստիկանության բռնարարքների արդյունքում:
Ազգային ժողովում Սարգսյանի ընտրությունից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կոչ արեց խաղաղ քաղաքացիական անհնազանդության ողջ երկրում: Այն լայն արձագանքի արժանացավ ոչ միայն Երևանում, այլև այլ քաղաքներում, ինչպիսիք են Վանաձորը, Գյումրին, Արմավիրը, Գավառը, Հրազդանը և այլն: Բազմահազարանոց խաղաղ ցույցեր սկսեցին ընդդեմ բռնակալության ամրապնդման հեռանկարի: Ի պատասխան խաղաղ ցույցերի` ոստիկանությունը անհամաչափ ուժ և ակնհայտ բռնարարքներ իրականացրեց: Չորս օրվա ընթացքում ավելի քան 600 ցուցարարներ, ներառյալ անչափահասներ, ենթարկվել են հարձակման, դաժան ծեծի, բերման են ենթարկվել ոստիկանական բաժիններ և կալանավորվել են հաճախ օրենքով սահմանված 3 ժամից ավելի պահվելուց հետո, առանց հետաքննության և արդար դատաքննության: Շատ ցուցարարներ և մասնավորապես դպրոցականներ ծեծի են ենթարկվել և բերման են ենթարկվել քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցների կողմից առանց պետհամարանիշների մեքենաներով: Լրագրողներն ու փաստաբանները ևս ոստիկանության կողմից բռնությունների են ենթարկվել:
Խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնարարքներ գործադրելուն զուգահեռ` ոստիկանությունը զարմանալի հանդուրժողականություն և համագործակցություն է ցուցաբերել կազմակերպված հանցագործների հրոսակախմբերի նկատմամբ: Մասնավորապես, եղել են դեպքեր, երբ տասնյակ ոստիկաններ անվրդով ականատես են եղել գործողությունների, որոնց ընթացքում հանցավոր խառնամբոխը փողոցներում բռնարարքներ են գործել և վնասել հանրային գույքը, անուշադրության են մատնել առանց պետհամարանիշների բազմաթիվ ավտոմեքենաների երթևեկությունը փողոցներում: Ուշագրավ է, որ քրեական մեղադրանքներ են առաջադրվել խաղաղ ցուցարաների նկատմամբ, իսկ հանցագործների նկատմամբ ոչ մի գործ չի հարուցվել:
Թեպետ քաղաքացիական անհնազանդությունը մեծ չափով առաջնորդվել է ընդդիմադիր կուսակցության առաջնորդի կողմից, շարժումը ոչ կուսակցական է իր բնույթով: Դրա հիմնական նպատակն է կանխել Սարգսյանի երրորդ և ցմահ պաշտոնավարումը որպես երկրի ղեկավար, ինչը երկիրը կտանի երկարաժամկետ բռնապետության: Ֆրիդոմ Հաուսի վերջին` «Անցումային փուլում գտնվող պետություններ 2018թ. դիմակայելով ոչ ազատականությանը» զեկույցի համաձայն` նախորդ տարվա համեմատությամբ Հայաստանի համաթիվը 2018թ․ վատթարացել է: Այս ցուցանիշով Հայաստանը շարունակում է մնալ որպես կիսակոնսոլիդացված ավտորիտար վարչակարգով երկիր:[3] Հետևաբար, Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությումնները պահանջագիր են ներկայացրել` պահանջելով Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը:
Ինչ էլ որ տեղի ունենա Հայաստանում, պայքարը մղվում է հանուն ժողովրդավարության և ընդդեմ կոռումպացված վարչակարգի: Էներգիայի այս պոռթկումը հետևանք է 1995թ․ ի վեր քաղաքացիների քաղաքական իրավունքների շարունակական ճնշման, և հստակ պահանջ է դրված արտահայտելու ժողովրդի ձայնը ազատ և արդար ընտրություններում:
Մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին և այն երկրներին, որոնք աջակցում են ժողովրդավարական արժեքներին և ժողովրդավարական համակարգերին` սատարելու հայ ժողովրդի պայքարը հանուն ավելի լավ ապագայի:
Ցմահ բռնապետերը չպետք է ճանաչվեն և պետք է դատապարտվեն ժողովրդավարության ջատագովների կողմից:
Խաղաղ հավաքների ազատությունը պետք է պաշտպանվի Հայաստանի պետության կողմից, իսկ իրավիճակի ցանկացած վատթարացման ու հետևանքների պատասխանատվությունը ընկնում է Սերժ Սարգսյանի վրա:
Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ
- Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ
- «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
- Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան
- Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
- Հայաստանի Հելսինկյան կոմիտե
- Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ
- Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք (ՓԻՆՔ Արմենիա)
- «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ
- «Իրավունքի ուժ» իրավապաշտպան ՀԿ
- Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ
- Մեդիա նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
- «էլեգիա» կրթա-մշակութային ՀԿ
- «Քալրֆուլ Հաուս» սոցիալ-մշակութային և իրավապաշտպան ՀԿ
- Էկոտուրիզմի ասոցիացիա ՀԿ
- «Էկոիրավունք» ՀԿ
- «Հակաստվեր» ՀԿ
- Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
- Կանանց աջակցման կենտրոն ՀԿ
- «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
- «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
- Գորիսի մամուլի ակումբ ՀԿ
- «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
- «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության ՀԿ
- «Լոռե էկո» ակումբ ՀԿ
- «Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ
- «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ
- «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ
- «Ազատ քաղաքացի» ՀԿ
- «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
- Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ
- «Ֆեմիդա» ՀԿ
- «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների եւ խորհրդատվության կենտրոն
- Հյուման ռայթս հաուս Երևան
- ԳԱԼԱ հեռուստաստուդիա
- «Իմ պաշտպանը» ՀԿ
- «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ
- «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ
- «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ
- «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ
- «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
- «Տաթևիկ» ՀԿ
[1] https://www.osce.org/odihr/elections/220656?download=true, https://transparency.am/en/publications/view/119
[2] https://www.osce.org/odihr/328226?download=true, https://transparency.am/files/publications/1511346003-0-749870.pdf
[3] https://freedomhouse.org/report/nations-transit/2018/armenia
Լուսանկարը` Հետքի լրագրող Նարեկ Ալեքսանյանի