Կոռուպցիան շարունակում է մնալ որպես լուրջ մարտահրավեր ողջ տարածաշրջանի համար
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը և գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ս.թ. նոյեմբերի 17-ին Երևանի ժամանակով ժամը 14:00-ին ներկայացրել են Թրանսփարենսի Ինթերնեշնլ-ի 2009թ կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) տվյալները «Ուրբաթ» ակումբում: Ամալյա Կոստանյանը ներկայացրել է ԿԸՀ շարժընթացը տարածաշրջանում տասնամյակի ընթացքում, իսկ Վարուժան Հոկտանյանն անդրադարձել է ԿԸՀ 2009թ. միտումներին:
Ընդհանուր առմամբ, ԿԸՀ 2009թ. տվյալները մեծ մտահոգության առարկա են, քանի որ կոռուպցիան շարունակում է մնալ համատարած այնտեղ, որտեղ իշխում է ոչ-թափանցիկ գործելաոճը, որտեղ հանրային հաստատությունները դեռևս կարիք ունեն ամրապնդման և որտեղ կառավարությունները չեն իրականացնում իրական հակակոռուպցիոն բարեփոխումներ: 2008թ. համեմատ այս տարի նահանջ են արձանագրել Բահրեյնը, Հունաստանը, Իրանը, Մալայզիան, Մալթան և Սլովակիան: Բարելավում անցյալ տարվա համեմատ նկատվելէ Բանգլադեշում, Բելառուսում, Գվատեմալայում, Լիտվայում, Մոլդովայում, Չերնոգորիայում, Լեհաստանում, Սիրիայում և Տոնգայում:
Նախկին խորհրդային հանրապետություններից առաջատարը կրկին Էստոնիան է ԿԸՀ-ի 6.6 արժեքով: Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա այստեղ առաջընթաց արձանագրել են Վրաստանը, որի ԿԸՀ-ն 3.9-ից աճել է մինչև 4.1 և Ադրբեջանը, որի ԿԸՀ-ն 1.9-ից բարձրացել է մինչև 2.4: Հայաստանն արձանագրել է նահանջ 2.9-ից մինչև 2.7: Մյուս հարևան երկրներում, Թուրքիայում և Իրանում նույնպես արձանագրվել է նահանջ համապատասխանաբար 0.2 և 0.5 կետով: Եթե Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի ԿԸՀ-ի արժեքները շարունակում են մնալ 3.0-ից ցածր, որը բնորոշ է համակարգային կոռուպցիա ունեցող երկրներին, ապա Վրաստանը և Թուրքիան գրանցում են շարունակական բարելավում սկսած 2004թ.-ից, և այժմ նրանց ԿԸՀ-ները 4.0-ից բարձր են:
Մանրամասների համար տես ԿԸՀ 2009 կամ Թրանսփարենսի Ինթերնեշնլ-ի վեբ կայքը անգլերեն լեզվով

