Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը ս.թ. հոկտեմբերի 1-ից 2-ը մասնակցել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ ընթացող «Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացման մոնիտորինգի» ծրագրի շրջանակում կայացած մի շարք խորհրդակցությունների: Միջոցառումը տեղի է ունեցել Բրյուսելում` Հարավային Կովկասի ԹԻ մասնաճյուղերի, ԹԻ Բրյուսելի և ԹԻ Բեռլինի գրասենյակների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հոկտեմբերի 1-ին նրանք հանդիպել են Եվրոպական հանձնաժողովի և Եվրախորհրդարանի ներկայացուցիչների` մասնավորապես Եվրոպական հանձնաժողովի Արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Եվրոպական հարևանության քաղաքականության բաժնի վարիչի տեղակալ Փիթեր Նագիի և ԵՀՔ ոլորտի համակարգման բաժնի քաղաքականության հարցերի համակարգող Ռոնան Մաք Աոնգուսայի, ռեֆերենտներ Սեզարի Բարինսկիի, Աիլի Ռիբուլիսի և Դերեն Դերյայի, ինչպես նաև մարդու իրավունքների և ժողովրդավարության քաղաքականության հարցերով պատասխանտու Վոյցեխ Վիսոցկիի և Եվրախորհրդարանի անդամ, Եվրամիության Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի պատվիրակության պատասխանատու Եվգենի Կիրիլովի հետ` լուսաբանելու ծրագրի հիմնահարցերը և քննարկելու այդ երկրներից յուրաքանչյուրում տիրող իրավիճակը:

Հաջորդ օրը տեղի ունեցած սեմինարի ընթացքում արծարծվել է ԵՀՔ գործողությունների պլանի մոնիտորինգի մեթոդաբանությունը` ուշադրությունը կենտրոնացնելով դրա հիմքերի վրա: