Գլխավոր էջ Նորություններ Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր. քաղաքացիների ձայներն աշխարհի տարբեր ծայրերից
Նորություններ
2017 Նոյ
15

Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր. քաղաքացիների ձայներն աշխարհի տարբեր ծայրերից

Շարքային քաղաքացիները չափազանց հաճախ են կանգնած լինում կոռուպցիային դեմ հանդիման: Նրանցից կաշառք են պահանջում բժշկի մոտ ընդունելության, իրենց երեխաներին դպրոց տեղավորելու համար կամ ոստիկանությանը բողոք ներկայացնելիս: Եվ միշտ ամենից շատ տուժում են նրանք, ովքեր ամենից քիչ են ունակ կաշառք տալու:

Զարմանալի չէ, որ կոռուպցիայի մակարդակի չափումն ընկած է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների հիմքում: Թրանսփարենսի Ինթերնեշնլը նույնպես գտնում է, որ անհրաժեշտ են որակյալ տվյալներ: Դրա համար էլ կարևոր է հարցնել իրական մարդկանց, թե ինչպես են նրանք իրենց ամենօրյա կյանքում դիմագրավում կոռուպցիան:

Իրենց ամենօրյա կյանքում կոռուպցիային առնչվող քաղաքացիների անձնական փորձի վերաբերյալ աշխարհի ամենաընդգրկուն հարցումը`  Թրանսփարենսի Ինթերնեշնլի Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի (ԿՀԲ)  շարքի վերջին տվյալները  ցույց են տալիս, թե ինչպիսի կոռուպցիոն դրսևորումների են առնչվում մարդիկ և որքան հեռու պետք  է գնան պետությունները կոռուպցիայի դեմ պայքարում:

Կաշառքի մակարդակներն աշխարհում

Հարցմանը նախորդող վերջին 12 ամիսների ընթացքում աշխարհում 4-ից մոտավորապես 1-ը կաշառք է վճարել` օգտվելու համար որևէ տեսակի հանրային ծառայություններից:

Այսպիսով, զարմանալի չէ, որ հարցման մեջ ընդգրկված բոլոր երկրներում էլ հարցվածների մեծ մասը գտնում է, որ իրենց երկրների իշխանությունները բավարար հաջողությամբ չեն պայքարում կոռուպցիայի դեմ:

Հասարակ մարդիկ կարող են ինչ-որ բան փոխել

Լավ լուրն այն է, որ աշխարհում հարցվածների ավելի քան կեսը, և մանավանդ երիտասարդները, համաձայն են, որ հասարակ քաղաքացիները կարող են ինչ-որ բան փոխել:

Մինչև 24 տարեկան հարցվածների 58 տոկոսը նշել է, որ իրենք զգում են, որ ունակ են ինչ-որ բան փոխելու: Մինչև 55 տարեկան հարցվածների մեջ այդպես է կարծում նրանց կեսը:

Ոստիկանությունը և ընտրովի պաշտոնյաները նշվել են որպես ամենակոռումպացվածները

Հարցվածներին խնդրել էին նշել, թե որոնք են իրենց ընկալմամբ առավել կոռումպացված ինստիտուտները: Առաջին երկու տեղերը կիսել են ոստիկանությունը և ընտրովի պաշտոնյաները, որոնց դեպքում հարցվածների 36-ական տոկոսը գտնում էր, որ նրանք մեծապես կոռումպացված են:

Որքանով են կոռումպացված հասարակության տարբեր ինստիտուտները և խմբերը

Այստեղ առկա են տարածաշրջանային որոշ տարբերություններ.

  • Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Անդրսահարյան Աֆրիկայում առավել կոռումպացված է ընկալվում ոստիկանությունը: Առաջին տարածաշրջանում այդպես է կարծում հարցվածների 39 տոկոսը, իսկ երկրորդում` 47 տոկոսը:
  • Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանում ամենակոռումպացվածը համարվում են ընտրովի պաշտոնյաները: Այդպես է կարծում հարցվածների 31 տոկոսը:
  • Հարցման մեջ ընդգրկված ամերիկյան մայրցամաքի երկրներում 46-ական տոկոսով որպես ամենակոռումպացված ընկալվում են ոստիկանությունը և ընտրովի պաշտոնյաները:
  • Մերձավոր Արևելք – Հյուսիսային Աֆրիկա տարածաշրջանում 45-ական տոկոսով «առաջատարներն» են ընտրովի պաշտոնյաները, հարկային մարմինների պաշտոնյաները և պետական պաշտոնյաները:

Կաշառատվության մակարդակների տարբերություններն ըստ տարածաշրջանների

Հարցումն անցկացվել է աշխարհի 119 երկրներում և տարածքներում: Հարցազրույցներն անցկացվել են 162,136 չափահաս անձանց հետ 2014թ. մարտից 2017թ. հունվար ընկած ժամանակաշրջանում:

*****

2015-2017թթ. ընթացքում տարբեր ժամանակահատվածներում ԿՀԲ հարցումն անցկացվեց վերը նշված բոլոր հինգ տարածաշրջան/մայրցամաքներում, և նրանցից յուրաքանչյուրում դրա ավարտից և արդյունքներն ամփոփելուց հետո Թրանսփարենսի Ինթերնեշնլը առանձին-առանձին ներկայացրել էր այդ արդյունքները:      

Հայաստանը ԿՀԲ այս հարցման ժամանակ ընդգրկված էր Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանում: Տարածաշրջանի հարցման արդյունքները Թրանսփարենսի Ինթերնեշնլը (ԹԻ) պաշտոնապես ներկայացրեց 2016թ. նոյեմբերին: Նույն օրը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ), որպես ԹԻ պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում, իր կողմից կազմակերպած մամլո ասուլիսի միջոցով ներկայացրեց տարածաշրջանի, ինչպես նաև  Հայաստանի, արդյունքները: Այդ ասուլիսի ժամանակ ներկայացված տվյալներին կարելի է ծանոթանալ ԹԻՀԿ-ի կայքում:

ԹԻՀԿ-ը, ունենալով արդեն բոլոր տարածաշրջան/ մայրցամաքների արդյունքները, որոշեց պարզել, թե արդյոք Հայաստանն իր արդյունքներով գլոբալ մասշտաբով հանդիսանում է առաջատարներից կամ հակաառաջատարներից մեկը: Ստացված պատկերը, դժբախտաբար, բավականին տխուր է: ԿՀԲ հարցաշարում ներառված այն 8 հարցերի, որոնց պատասխանել են բոլոր 119 երկրներում և տարածքներում, պատասխաններից երևում է, որ Հայաստանը դրանցից և ոչ մեկով առաջատար երկիր չէ: Ավելին, նա բացարձակ հակաառառաջատար է ըստ մի շարք ցուցանիշների, որոնք բացահայտում էր ԿՀԲ հարցումը: Ընդ որում, բոլոր այդ ցուցանիշներն այն ցուցանիշներն են, որոնք վերաբերում են կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքացու կողմից իր դերի և տեղի ընկալմանը:

Մասնավորապես, հարցման մեջ ընդգրկված բոլոր 119 երկրների և տարածքների շարքում Հայաստանում են բոլորից շատ հարցվողներ գտնում, որ կոռուպցիոն դեպքերի մասին հայտնելը հասարակությունում սոցիալապես ընդունելի վարքագիծ չէ (77%):  Հայաստանը համաշխարհային հակաառաջատար է նաև կոռուպցիոն դեպքերի մասին չբարձրաձայնելու (հարցվողների 67%-ը գտնում է, որ իրենք չեն բարձրաձայնի այն կոռուպցիոն դեպքերի մասին, որոնց հետ առնչվում են կամ վկա են) և կոռուպցիոն դեպքերի մասին վկայություն չտալու հարցերում (հարցվողների 73%-ը հայտարարում էր, որ իրենք դատարանում կոռուպցիոն հանցագործությունների մասին վկայություն չեն տա): Վերջապես, Հայաստանը Հունգարիայի հետ միասին կիսում է 2-3-րդ տեղերը կոռուպցիայի դեմ պայքարում շարքային քաղաքացու դեր չունենալու հարցում (հարցվողների 63%-ը կարծում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում շարքային քաղաքացու ներգրավումը ոչինչ չի փոխի): Այստեղ համաշխարհային հակաառաջատարը Չեխիան է 64%-ով: